Ես կարող եմ միայն վերահաստատել հայկական կողմի պատրաստակամությունը, ստորագրել խաղաղության համաձայնագիրը, որ արդեն իսկ ամբողջությամբ համաձայնեցված է, իսկ ինչ վերաբերվում է ձգձգումներին, ապա ինչքան շուտ ստորագրվի այս համաձայնագիրը, բնականաբար, մենք կկարողանանք կենտրոնանալ տարածաշրջանային համագործակցության և մեր տարածաշրջանի բոլոր պետությունների, ժողովուրդների բարեկեցության խնդիրների հասցեագրման վրա։ Այդ մասին, այսօր՝ մայիսի 26–ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը երկու նախապայման է առաջ քաշել եւ նշել, որ մինչեւ հայկական կողմը դրանց չհամաձայնի, խաղաղության համաձայնագիրը չի ստորագրվի։
Խոսելով կոնկրետ երկու նախապայմանների մասին, նա նշեց. «Քիչ առաջ վարչապետ Փաշինյանը կրկին հայտարարեց, որ ինչ վերաբերում է ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմներին, ապա Հայաստանը պատրաստ է խաղաղության պայմանագիրը կնքելուն զուգահեռ, համապատասխան նամակ ուղղել ԵԱՀԿ նախագահողին՝ առաջարկելով լուծարել Մինսկի խմբի մեխանիզմները։ Ինչ վերաբերվում է ՀՀ սահմանադրության վերաբերյալ հարցին, այդ մասով նույնպես ներկայացվեց Հայաստանի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ Հայաստանի ՍԴ–ն իր նախորդ տարի ունեցած համապատասխան վճռով դելիմիտացիայի հանձնաժողովների աշխատանքների աշխատակարգի մասին արդեն իսկ տվել է գնահատականը, որ չկա որևէ իրավասահմանադրական խոչընդոտ և կոնֆլիկտ մեր Սահմանադրության և Ալմա–Աթայի հռչակագրի միջև։ Ավելին, խաղաղության պայմանագիրը ունի հստակ երաշխիքներ, և ըստ էության հասցեագրում է թե հայկական կողմի մտահոգությունները Ադրբեջանի սահմանադրության հետ կապված, թե Ադրբեջանի կողմից հնչեցվող հայտարարությունները, որ իրենք էլ մտահոգություններ ունեն»։











