Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ կարգավորումը ուժեղ ազդանշան կհղի Եվրոպային, որ հակամարտությունները կարող են լուծվել դիվանագիտականերկխոսության միջոցով: Իսկ Սլովակիան պատրաստ է լիովին աջակցել ձեզ ձեր ջանքերում։ Այս մասին այսօր՝ մայիսի 26-ին, «Երեւանյան երկխոսություն – 2025» միջազգային համաժողովում ունեցած ելույթի ժամանակ ասել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել վարչապետին Ադրբեջանի հետ վերջնական խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերում ձեր լիդերության համար։ Շատ շնորհակալ եմ այս օգտակար եւ բազմազան տեղեկատվության համար, որը դուք հենց նոր տրամադրեցիք մեզ բոլորիս։ Այս տարի ավելի վաղ արված հայտարարությունը վճռական քայլ էր տարածաշրջանում կայուն խաղաղության եւ անվտանգության ուղղությամբ: Կարեւոր է պահպանել այս թափը եւ ապահովել այս գործընթացի սահուն ավարտը երկու կողմից»,- ասել է նա։
Ռոբերտ Ֆիցոյի խոսքով՝ Սլովակիան եւ Հայաստանը պահպանում են բարեկամական երկկողմ հարաբերություններ։
«Մենք ունենք ընդհանուր քրիստոնեական ժառանգություն: Հայաստանը Սլովակիայի համար առանցքային առեւտրային գործընկերն է տարածաշրջանում, եւ մեր առեւտուրն աճում է: Ես ցանկանում եմ հետագա խթան հաղորդել մեր առեւտրի ընդլայնմանը, հատկապես միջուկային էներգիայի, ավտոմոբիլային արդյունաբերության, պաշտպանության եւ զբոսաշրջության ոլորտներում: Եվ ես հավատում եմ, որ վարչապետը բավական ժամանակ կունենա քննարկելու այս բոլոր ասպեկտներն ու համագործակցության հեռանկարները։ Ավելի ուժեղ աջակցության դեպքում Հայաստանի հարաբերությունները Եվրամիության հետ ավելի կսերտանան։ Սլովակիան պատրաստ է կիսել իր փորձը բարդ շուկայական եւ սոցիալական բարեփոխումների իրականացման հարցում՝ օգնելու լիարժեք իրացնել ԵՄ-Հայաստան Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի եւ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսության ներուժը»,- ընդգծել է նա։
Սլովակիայի վարչապետը նաեւ աջակցություն է հայտնել Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ներկայությանը։
Նա նաեւ ընդգծել է, որ բարձր է գնահատվում Հայաստանի ներդրումը Արեւմտյան Բալկաններում կայունության ապահովման գործում։











