Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն հաստատել է պաշտոնական Փարիզի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը։ Այդ մասին նա հայտնել է մայիսի 26-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսում։
«Ես եկել եմ հաստատելու Ֆրանսիայի աջակցությունը Հայաստանին եւ ամենաբարդ բանակցությունների արդյունքում առաջացած խաղաղության համաձայնագրին։ Ես ողջունում եմ վարչապետ Փաշինյանի խիզախությունը։ Ինչպես ասաց իմ գործընկեր Ռուբիոն, ժամանակն է ստորագրել եւ վավերացնել խաղաղության պայմանագիրը։ Սա այն է, ինչ ցանկանում են Ֆրանսիան, ԱՄՆ-ը եւ Եվրոպան»,- հայտնել է Բարոն։
Ֆրանսիացի նախարարն ընդգծել է ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության հարգման կարեւորությունը։ Միաժամանակ նա նշել է, որ ռազմական ոլորտում համագործակցության զարգացումը եւ սպառազինության մատակարարումը նույնպես նպատակ ունեն օգնել Հայաստանին՝ ապահովել իր անկախությունն ու ինքնիշխանությունը։











