Կարծում եմ՝ մենք ժամանակ ունենք հետազոտության, միջազգային համակարգի նոր ուսումնասիրության համար, որտեղ տեսնում ենք, որ հին համակարգը դադարել է գործել, եւ դրա պատճառն այն է, որ զարգացող երկրները պետք է ավելի շատ ներգրավվեն, եւ նրանք ցանկանում են ավելի շատ ներգրավվել գլոբալ հարցերում, որոշումների կայացման մեջ։ Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, «Երեւանյան երկխոսություն – 2025» միջազգային համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկմանն ասել է Հայաստանի փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը։
«Եվ միջազգային համակարգը պետք է հարմարվի դրան, բայց երկարաժամկետ հեռանկարում, կարծում եմ, նրա բազմակարծությունը արդյունավետ կլինի, այն կրկին կդառնա բազմակողմ։ Որովհետեւ եթե այն արդյունավետ է, իսկ արդյունավետության չափանիշն այն է, թե ինչքան հանրային բարիք է բերում տվյալ խմբին, ավելի շատ անդամներ կմասնակցեն դրան եւ, բնականաբար, այն կդառնա բազմակողմ»,- նշել է նա։
Մնացական Սաֆարյանի խոսքով՝ մեխանիզմների առումով ինքը նոր մեխանիզմներ չի տեսնում, բայց հները՝ գագաթաժողովներ, կոնվենցիաներ, համաձայնագրեր, բազմակողմ համաձայնագրեր՝ բազմակողմ մասնակցությամբ, միջազգային բանկեր, պետք է հանրային բարիք ապահովեն, որպեսզի այդ ասոցիացիաներն արդյունավետ լինեն։
«Ինչ վերաբերում է Հայաստանին, մենք գտնվում ենք մի քանի նման բազմակողմ ասոցիացիաների հանգույցում, եւ այդ պատճառով մենք ընտրել ենք դիվերսիֆիկացման եւ հավասարակշռման արտաքին քաղաքականություն, բայց որպես արտաքին գործերի նախարարություն, որպես երկիր՝ մենք հավատում ենք բազմակողմանիությանը»,- եզրափակել է նա։











