Չինաստանի Հանչժոու քաղաքում (Չժեցզյան նահանգ) տեղի է ունեցել եզակի միջոցառում. աշխարհում առաջին քիքբոքսինգի մրցաշարը, որին մասնակցել են Unitree Robotics-ի ստեղծած մարդանման ռոբոտներ, հայտնում է բրիտանական The Times թերթը։
Մարտերին մասնակցել են 1.32 մետր հասակով և 35 կիլոգրամ քաշով ռոբոտներ, որոնք հեռակառավարվել են ինժեներների կողմից։ Մեքենաները ցուցադրել են մարտական հիմնական հմտություններ՝ ձեռքով ու ոտքով հարվածներ, որոնց թվում՝ պտույտով հարվածներ և դիրքերի փոփոխություն։ Դիտորդները նշում են, որ թեև հարձակումները փոքր-ինչ թույլ էին, կանխատեսելի և երբեմն անփույթ, սա անդրոիդների մոտ մարտական հմտությունների զարգացման առաջին քայլն էր:
Հումանոիդները հագեցած էին LiDAR սենսորներով և խորության տեսախցիկներով, և կառավարվում էին մասնագետների կողմից հեռակառավարման վահանակներով։ Ռոբոտները դեռևս ուսուցման վաղ փուլում են, և մշակողները շարունակում են զարգացնել իրենց տեխնիկական զինանոցը։
Մրցաշարի նպատակը մարզական մրցույթ չէր, այլ առաջադեմ ինժեներական լուծումների և անդրոիդների տեխնոլոգիական հնարավորությունների ցուցադրումը։ Հումանոիդ մարտիկների միջև մարտերի երկրորդ փուլը նախատեսված է 2025 թվականի դեկտեմբերին. հաշվի կառնվեն առաջին հանդիպման ժամանակ թույլ տրված սխալներն ու ձեռք բերված փորձը։ Առայժմ ռոբոտները դեռ շատ հեռու են կռվող մարդու մակարդակից։
Unitree Robotics-ը հիմնադրվել է Հանչժոուում 2016 թվականին։ Ընկերությունը լայն ճանաչում ձեռք բերեց Չինաստանում, երբ նրա 16 անդրոիդները 2025 թվականի փետրվարին չինական Նոր տարվա տոնակատարության ժամանակ պարեցին ավանդական յանգե պարը։





























