Ուկրաինան հրադադարի մասին իր հուշագիրը ներկայացրել է ռուսական կողմին։ Այժմ Ռուսաստանն առնվազն չորս օր ունի Կիևին ներկայացնելու հրադադարի առաջարկներով իր փաստաթուղթը, ըստ РБК-Украина-ի՝ հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովը։

Ումերովը պատմել է, որ արդեն ռուսական պատվիրակության ղեկավարին է հանձնել մի փաստաթուղթ, որն արտացոլում է հրադադարի վերաբերյալ Ուկրաինայի դիրքորոշումը։

«Նրանք ստացել են այս փաստաթուղթը։ Մենք հաստատում ենք Ուկրաինայի պատրաստակամությունը լիակատար և անվերապահ հրադադարի և հետագա դիվանագիտական ​​աշխատանքի վերաբերյալ։ Մենք դեմ չենք ռուսների հետ հանդիպումներին և սպասում ենք նրանց «հուշագրին», որպեսզի հանդիպումը դատարկ չլինի և կարողանա իսկապես մոտեցնել պատերազմի ավարտը», -նշել է նա։

«Ռուսական կողմը մեկնումից առաջ առնվազն չորս օր ժամանակ ունի՝ իր փաստաթուղթը մեզ ներկայացնելու համար», -ընդգծել է նախարարը։

Նա հիշեցրել է, որ ռուսական կողմն ավելի վաղ խոստացել էր փոխանակումից անմիջապես հետո հանձնել «հուշագիրը»։

«Ռուսական կողմին կոչ ենք անում անհապաղ կատարել այդ խոստումը և դադարեցնել հանդիպումը ապակառուցողական դարձնելու փորձերը։ Դիվանագիտությունը պետք է իմաստալից լինի, իսկ նոր հանդիպումը պետք է արդյունքներ ունենա», -նշել է Ումերովը։

Ավելի վաղ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ Վլադիմիր Մեդինսկու գլխավորած ռուսական պատվիրակությունը պատրաստ է մասնակցել հունիսի 2-ին Ստամբուլում ուկրաինական կողմի հետ բանակցությունների երկրորդ փուլին և արագորեն մշակել է իր հուշագիրը։