Իսրայելի արտգործնախարար Գիդեոն Սաարը հայտարարել է, որ իր երկրի նկատմամբ զենքի էմբարգոն կհանգեցնի Իսրայել պետության կործանմանը և «երկրորդ Հոլոքոստի», հաղորդում է Middle East Eye-ը։

Սաարը ելույթ է ունեցել երեքշաբթի Երուսաղեմում հակասեմիտիզմի վերաբերյալ միջազգային համաժողովում։

«Եթե, Աստված մի արասցե, Իսրայելին զենքի էմբարգո սահմանելու վերաբերյալ երկրների և քաղաքական գործիչների կոչերն ու գործողությունները հաջողությամբ պսակվեն, արդյունքը կլինի Իսրայելի ոչնչացումը և երկրորդ Հոլոքոստը», -շեշտել է նա։

Իսրայելի կողմից Գազայի հատվածի շարունակվող շրջափակման ֆոնին Իսպանիան այս շաբաթ եվրոպական երկրներին կոչ արեց դադարեցնել զենքի մատակարարումը։

Մադրիդյան խմբի նիստում Իսպանիայի արտգործնախարարը կոչ արեց անհապաղ կասեցնել Իսրայելի հետ եվրոպական համագործակցության համաձայնագիրը և զենքի էմբարգո սահմանել։

«Որո՞նք են Իսրայելի նկատմամբ զենքի էմբարգո սահմանող քաղաքական գործիչների կամ երկրների գործողությունների կամ հայտարարությունների իմաստը», - հարցրեց Սաարը ի պատասխան։

«Եթե նման քայլերը հաջողությամբ պսակվեն, Իսրայելը պարզապես կոչնչացվի։ Կլինի ևս մեկ Հոլոքոստ՝ Իսրայելի հողում։ Ըստ էության, դա հրեա ժողովրդին ինքնապաշտպանության միջոցներից զրկելու միջոց է։ Այն ռեսուրսները, որոնցից նա այդքան զուրկ էր աքսորի երկար տարիների և Հոլոքոստի ժամանակ»,-հավելել է նա։

Իսրայելին զենքի խոշորագույն մատակարարներն են Միացյալ Նահանգները, Գերմանիան և Իտալիան։