ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի անդամների կողմից Հայ Առաքելական Եկեղեցու քննադատությունը համընկավ Շվեյցարիայում ՀԱԵ-ի կողմից կազմակերպված համաժողովի հետ, որտեղ քննարկվեցին Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր և մշակութային հուշարձանների պահպանման հարցերը: Այս մասին մայիսի 30-ին Ազգային ժողովում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Մասնավորապես, նա իշխող վերնախավի գործողությունները որակեց որպես Հայ Առաքելական Եկեղեցու դեմ մի տեսակ «խաչակրաց արշավանք»։

Պատգամավորի խոսքով՝ հոգևորականության դեմ հրապարակային հարձակումները և վիրավորական հայտարարությունները փորձ են նոր «մեղավոր» գտնել ապագա արտաքին քաղաքականության ձախողումների դեպքում։

Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուրբաթ առավոտյան մի քանի գրառումներ էր արել իր Ֆեյսբուքյան էջում՝ այդպիսով պատասխանելով երեկ եկեղեցիների մասին իր հայտարարությունների քննադատությանը։

«Սուրբ Հայր, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես», - գրել էր Փաշինյանը՝ քննադատելով Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականներին։

Մեկ օր առաջ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել էր, որ հանրապետության բոլոր եկեղեցիները «չուլանների նման են»՝ բացատրելով, որ եկեղեցիներում պահվում են ամենաանտեղի իրերը։