Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) հետ Մոնղոլիայի ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել ԵԱՏՄ գլխավոր ղեկավար մարմնի հաջորդ նիստում՝ 2025թ. հունիսին։ Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին ասել է Ուլան Բատորում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Եվսիկովը։

«Եթե ԵԱՏՄ երկրներում եւ Մոնղոլիայում ներքին ընթացակարգերը հաջողությամբ ավարտվեն, ապա նրանց միջեւ ժամանակավոր առեւտրային համաձայնագիրը կարող է ստորագրվել Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հաջորդ նիստում, որը նախատեսված է 2025թ. հունիսին: Բացի Մոնղոլիայից, մի շարք այլ երկրներ աշխատում են ԵԱՏՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման ուղղությամբ»,- ասել է դիվանագետը։

Նրա տեղեկացմամբ՝ Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ համաձայնագիրն արդեն պատրաստ է, որը նախատեսվում է ստորագրել մինչեւ այս տարվա վերջ։ Ինդոնեզիայի հետ համաձայնագիրը վերջնական փուլում է։ Եգիպտոսի հետ ազատ առեւտրի գոտու (ԱԱԳ) ստեղծման հարցով շփումները շարունակվում են, Թունիսի հետ համաձայնագիր պատրաստելու համար աշխատանքային խումբ է ձեւավորվել։

«Ակտիվորեն ընթանում են Հնդկաստանի հետ խորհրդակցությունները։ Թաիլանդը հայտարարել է ազատ առեւտրի գոտու ստեղծման շուրջ բանակցային գործընթացում առաջ շարժվելու իր պատրաստակամության մասին։ Նաեւ մայիսի 15-ին ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ի եւ Իրանի միջեւ լիիրավ ազատ առեւտրի համաձայնագիրը»,- նշել է դեսպանը։