Ղազախստանը կողմ է կովկասյան տարածաշրջանում վիճելի հարցերի խաղաղ կարգավորմանը: Այս մասին այսօր` հունվարի 11-ին, մամուլի ասուլիսում նշեց Հայաստանում Ղազախստանի դեսպան Այըմդոս Բոզժիգիտով:
Հարցին, թե ինչպիսին կլինի Ղազախստանի դիրքորոշումը Իրանին ռազմական հարվածներ հասցնելու դեպքում, դեսպանը պատասխանեց, որ իր երկրի համար առաջնահերթությունը քաղաքակրթությունների երկխոսությունն է: «Ղազախստանում ապրում է շուրջ 140 ազգություն եւ կան մոտ 40 կրոններ: Ղազախստանը միշտ հանդես է գալիս կովկասյան տարածաշրջանում վիճելի հարցերը խաղաղ կարգավորելու օգտին: Մեզ համար կարեւոր , որ տարածաշրջանը կայուն լինի»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ Պենտագոնի ղեկավար Լեոն Պանետան նշել է այն սահմանագիծը, որից հետո Վաշինգթոնը պատրաստ կլինի լուրջ ուժային միջոցներ կիրառել Թեհրանին հակազդելու համար: «Մենք արդեն հստակ նշել ենք, որ ԱՄՆ-ը թույլ չի տա փակել Օրմուզի նեղուցը: Դա այն սահմանն է, որից չի կարելի անցնել»,- հայտարարել է Պանետան:
Իր հերթին, ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միավորված կոմիտեի նախագահ Մարթին Դեմփսին հայտարարել է, որ «եթե իրանցիները գնան նեղուցը շրջափակելու քայլին, ամերիկյան զորքերը պատրաստ կլինեն ոչնչացնել նրանց»:



























