Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիան, Հայաստանում գիտահետազոտական աշխատանքների խթանումը դիտարկելով որպես առաջնահերթություն, 2023 թվականի սեպտեմբերի 20-ի որոշմամբ սահմանել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը։
Ի սկզբանե մրցանակ է սահմանվել հետևյալ երեք բնագավառներում.
– Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտություններ,
– քիմիա, կյանքի և երկրի մասին գիտություններ,
– հասարակական և հումանիտար գիտություններ։
Ընդհանուր առմամբ մրցանակի համար ներկայացվել է 25 հայտ։ Աշխատանքները գնահատվել են համապատասխան մասնագիտական հանձնաժողովների կողմից, որոնց երաշխավորության հիման վրա էլ մրցանակի շնորհման աշխատանքները համակարգող խորհրդի կողմից 2024 թվականի ապրիլի 10-ին հաստատվել են ՀՀ ԳԱԱ 2023–ի մրցանակի հաղթողները։
Ֆիզիկա-մաթեմատիկական և տեխնիկական գիտությունների հիմնարար հետազոտությունների բնագավառում մրցանակին արժանացել են Ֆիզմաթ գիտությունների դոկտոր Արամ Սահարյանը և ֆիզմաթ գիտությունների թեկնածու Վարդազար Քոթանջյանը։
Արամ Սահարյանը ԵՊՀ–ի ակադեմիկոս Գուրգեն Սահակյանի անվան տեսական ֆիզիկայի ամբիոնի վարիչն է,. նաև ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիայի վարիչը։
«Մեր ամբիոնը և գիտահետազոտական լաբորատորիան զբաղվում են տեսական ֆիզիկայի հիմնարար հարցերով։ Դա կապված է գրավիտացիայի տեսության հետ, դաշտի քվանտային տեսության հետ և նաև կիրառությունները տիեզերագիտությունում, գրավիտացիոն ֆիզիկայում և կոնդենսացված միջավայրերի ֆիզիկայում։ Դրանք ինչու հիմնարար ուղղություններ են, որովհետև այսօր գրավիտացիոն փոխազդեցություն ի քվանտային տեսություն մենք չունենք։ Դրա համար մենք մեր հետազոտությունները կատարում ենք կիսադասական տեսության շրջանակներում երբ, ասենք, սովորական նյութական դաշտերը քվանտային են իսկ գրավիտացիոն դաշտը դասական։
Կիրառությունները այդ աշխատանքների վաղ տիեզերքի կոսմոլոգիան է, սև խոռոչների ֆիզիկան է, բավական հետաքրքիր ուղղություններ են, որոնք առնչվում են շրջապատող աշխարհի մասին մեր պատկերացումների հիմքերի հետ։ Այսօր դա տեսական ֆիզիկայի առաջնակարգ խնդիրներից է, և մեր մրցանակի ներկայացված աշխատանքների շարքը վերաբերվում էր հենց այդ բնագավառին։
Ու ի զարմանս մեզ, մեր խնդիրները պարզվեց, որ նաև կիրառություններ ունեն մեր առօրյա կյանքում, դա կոնդենսացված միջավայրերի ֆիզիկան էր։ Մեր ստացված արդյունքները, ասենք, դատարկության վերաբերյալ, ինչպիսի հատկություններ կա, պարզվեց, որ նաև կիրառություններ ունեն նանոֆիզիկայում, գրաֆենի ֆիզիկայում և այլն։ Սա այն դեպքն է, երբ գիտական ստացված արդյունքը կարող է բազմաթիվ ուղղություններում կիրառություններ ունենալ։ Ու կարևորն այն է, որ այն որպես գիտական ուղղություն հետաքրքիր է և երիտասարդներին դա հետաքրքրում է»,–ասել է նա։
Վարդազար Քոթանջյանը տեսական ֆիզիկայի լաբորատորիայի գիտաշխատող է, պրոֆեսոր, Սարյանի ասպիրանտ։ «Զբաղվում ենք, ինչպես ընկեր Սահարյանը նշեց, գրավիտացիայի ֆոնտային տեսության բացակայության պայմաններում օգտվում ենք կիսադասական մոտեցումներից, այսինքն վերցնում ենք գրավիտացիոն դաշտը որպես ֆոն և այնտեղ դիտարկում ենք դաշտի քվանտային տեսություններ։ Այս պահին կոնկրետ զբաղվում եմ ֆերմիոնային դաշտերի դիտարկմամբ հավասարաչափ արագացող շարժման համակարգերում։
Քանի որ սովորել եմ Հայաստանի ազգային պետական ճարտարագիտական համալսարանի հենակետային վարժարանում, դե այնտեղ մենք ֆիզիկա, մաթեմատիկա առարկաները մասնագիտացված ենք անցել, և այդտեղից արդեն սկսել է կապը, սերը դեպի ֆիզիկա և մաթեմատիկա։ Որոշումս կայացրել եմ վերջին դասարաններում և շատ երախտապարտ եմ, որ էդ հնարավորությունը ունեցել եմ սովորելու ֆիզիկայի ֆակուլտետում, հետագայում նաև արդեն տեսական ֆիզիկայի ամբիոնում»,–ասել է նա։
Արամ Սահարյանը նկատեց, որ այսօր գիտությունը գրավիչ է դառնում այն իմաստով, որ ֆինանսապես արդեն սկսում է մրցակցել, օրինակ ասենք IT տեխնոլոգիաների հետ. «Բացի ֆինանսականից գիտության կարևորությունը այն է, որ դա երիտասարդների համար էլ է կարևոր, դա իրենց համար հետաքրքիր է, իրենք են իրենց ստացված արդյունքի տերը դառնում, իրենք են հեղինակը, իրենց է աշխարհը ճանաչում, ոչ թե այն ֆիրմային, որտեղ իրենք աշխատում են։ Դա շատ կարևոր է։ Մարդը ինչ-որ իմաստով մտնում է պատմության մեջ իր ստեղծած արդյունքում»,– ընդգծել է նա։
Սահարյանը ուրախությամբ և հպարտությամբ նշեց, որ այսօր իրենց լաբորատորիայում երիտասարդները համարյա կեսից ավել են. «Այսինքն, մենք կարողացել ենք նրանց ոգևորել։ Նրանք տաղանդավոր մարդիկ են, նրանք հաջողությամբ կարող էին գնային ծրագրավորող աշխատեին և երկու անգամ ամենաքիչը ավելի աշխատավարձ ստանային, բայց նրանք գերադասել են գալ գիտություն։ Նրանք էլ տեսնում են, որ այսօր դա գնահատվում է, կա նախագահի մրցանակ, կա ակադեմիայի մրցանակ և դրանով իրենք հայտնի են դառնում ոչ որպես գումար ստացող, այլ որպես մարդ, որին արդեն հասարակությունը գիտի, որպես այս երկրի դեմք։ Գիտաժողով են գնում, իրենք են իրենց ժամանակի տերը»։
Նշենք, որ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակը շնորհվում է երկու տարին մեկ անգամ տվյալ բնագավոր կարևորագույն հիմնարար և կիրառական գիտական կամ գիտատեխնոլոգիական արդյունքների, ապրանքայնացման պատրաստ կամ ներդրված կիրառական մշակումների, արժեքավոր գործի, հայտնագործության կամ աշխատանքների շարքի համար։ Այս տարի մրցանակ է սահմանվել նաև բժշկագիտության բնագավառում։
Յուրաքանչյուր մրցանակի դրամական պարգևի չափը կազմում է 5 միլիոն դրամ։ ՀՀ ԳԳԱԱ մրցանակը իրականացվում է Մարտին Սթար և Լիկվոր ընկերությունների ֆինանսավորմամբ։
Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի մրցանակ 2025-ի մեկնարկը տրվել է ՀՀ ԳԱԱ ընդհանուր տարեկան ժողովի ժամանակ։ Հայտերն ընդունվում են մինչև հուլիսի 11-ը ներառյալ։ Մրցանակաբաշխությունը տեղի կունենա նոյեմբերի 10-ին։











