«Աննա Հակոբյանի հայտարարություներն իրենց մեջ քրեական հանցակազմ են պարունակում, եթե նման տեղեկություններ ունեն, թո՛ղ դիմեն իրավապահ մարմիններին»։ Այս մասին այսօր՝ հունիսի 11-ին, «Զվարթնոց» օդանավակայանում լրագրողների հետ զրույցում ասաց Արշակ Սրբազանը, անդրադառնալով վարչապետի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հայտարարություններին այն մասին, թե «երկրի գլխավոր մանկապիղծները չուլան բառից դիվահարվել են»։

Պատասխանելով լրագրողի հարցին այն մասին, թե հնարավո՞ր է կաթողիկոսին ամբոխի միջոցով հեռացնել, Արշակ Սրբազանը պատասխանեց. «Բռնի ուժով ամեն ինչ էլ հնարավոր է անել, բայց մենք քաղաքակիրթ երկրում ենք չէ՞ ապրում»։

Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը նաև նշեց, որ եկեղեցու ներսում չկան բարձրաստիճան հոգեւորականներ, որոնք Վեհափառին դեմ են։

Նշենք, որ այս պահին հարյուրավոր քաղաքացիներ հավաքվել են «Զվարթնոց» օդանավակայանում՝ դիմավորելու Հայաստան վերադարձող Վեհափառ Հայրապետին։ Քաղաքացիների թվում են «Հայաստան» խմբակցության պատգամավորները, «Հայաքվե» նախաձեռնության անդամները և այլ գործիչներ։

NEWS.am–ի թղթակցի փոխանցմամբ, «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհին ոստիկանական ուժերի ավտոբուսներ են տեղակայված. օդանավակայանի տարածքում ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ եկեղեցուն ու Վեհափառին թիրախավորող գրառում է կատարել, քաղաքացիներին կոչ անելով քայլեր ձեռնարկել կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։ Գրառումը զայրութ է առաջացրել քաղաքացիների շրջանում։ Իրավապաշտպաններն էլ Փաշինյանի այս և վերջին շրջանի մյուս գրառումներն ու եկեղեցու դեմ գործընթացները սահմանադրական կարգի տապալման նախապատրաստություն են համարում։