Ընտանիքիս հետ եղա Դուբայում, ապա Նոր տարին դիմավորեցի Երեւանում, «Շախտյոր» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում ասել է Հայաստանի ազգային հավաքականի եւ ուկրաինական թիմի խաղացող Հենրիխ Մխիթարյանը: Ֆուտբոլիստը «Շախտյորի» հետ մարզումները վերսկսել է Դոնեցկի «Կիրշա» մարզաբազայում:

Հենրիխ, ինչպե՞ս անցկացրիր արձակուրդդ:

Գերազանց: Ընտանիքիս հետ եղա Դուբայում, ապա Երեւանում նույնպես հարազատներիս հետ դիմավորեցի Նոր տարին: Շատ լավ եմ հանգստացել: Իսկ այժմ պետք է նախապատրաստվել առաջնության երկրորդ հատվածին:

Միրչա Լուչեսկուի բացակայությունը կարո՞ղ է ազդել թիմի նախապատրաստության վրա:

Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի գլխավոր մարզչի բացակայությունը չազդի մեր պատրաստության վրա: Կարծում եմ, որ տղաները հասկանում են: Մեզ անհրաժեշտ է հաղթել յուրաքանչյուր խաղում եւ հասնել նպատակին:

Առաջին հերթին, երկրպագուները հաղթանակ են սպասում Դուբայի մրցաշարում:

Այո, իհարկե, ամեն ինչ սկսվում է հավաքի առաջին խաղից: Մենք կանենք ամեն ինչ այնտեղ հաղթելու համար: