Պետության եւ Հայ Առաքելական եկեղեցու միջեւ արդյունավետ համագործակցության դեպքում եկեղեցին կարող է կարեւոր գործիք լինել ազգային շահերի պաշտպանության գործում։ Այս մասին հայտնել է ՀՀ արդարադատության նախկին նախարար Գեւորգ Դանիելյանը՝ Երեւանում պետության եւ եկեղեցու միջեւ հարաբերությունների խնդիրներին նվիրված քննարկման ժամանակ։

Դանիելյանը հիշեցրել է, որ Հայ Առաքելական եկեղեցին ունի բոլոր կառույցներն աշխարհի բոլոր անկյուններում եւ կարող է մեծ աշխատանք կատարել երկրի եւ ազգի բարօրության համար, եւ դա ամրագրված է Սահմանադրությամբ: Խոսելով եկեղեցու քաղաքական հարցերին միջամտելու մեղադրանքի մասին, եւ որ դա, իբր, արգելված է օրենքով, նախկին նախարարն առաջարկել է նախ պարզել, թե ինչ պետք է հասկանալ «քաղաքական գործունեություն» ասելով: Նրա խոսքով՝ նման ձեւակերպում ընդհանրապես չկա, հետեւաբար, կարելի է ենթադրել ամեն ինչ, մեղադրել ամեն ինչում եւ պահանջել ամեն ինչ։ Բայց ենթադրենք, թե եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ դասական իմաստով։ Եվ այստեղ արգելք չկա եւ չի կարող լինել, այդ թվում՝ միջազգային չափանիշներով, բացատրել է Գեւորգ Դանիելյանը։

Նրա խոսքով՝ ՀԱԵ հայտարարությունները հաճախ ընկալվում են որպես «քաղաքական», չնայած իրականում դրանք քաղաքական չեն, այլ ունեն ազգային շահերի պաշտպանության բնույթ։ Կրկին ընդգծելով, որ դրանում ոչ մի անօրինական բան չկա, Դանիելյանը հույս է հայտնել, որ հարաբերությունները կվերադառնան կառուցողական հուն։