«Սամվել Կարապետյանը դեռ տանն է, չեն ձերբակալել, բայց շուտով կձերբակալեն»։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց գործարար Սամել Կարապետյանի եղբայրը՝ նախկին պատգամովր Կարեն Կարապետյանը։
«Ինչ էլ ասել է, քիչ է ասել։ Ես այստեղ կանգնած եմ, որ առաջինն ինձ ձերբակալեն, որովհետև ես էլ խոսեցի։ Կա պետություն, կան համապատասխան մարմիններ, թող համապատասխան մարմինները գործեն օրենքի սահմաններում։ Վաղն ամեն մեկն իր արածի համար պատասխան է տալու, ես էլ իմ արածի համար»,–նշեց նա։
Անդրադառնալով տեղի ունեցողին, Կարեն Կարապետյանն ասաց.
«Փաստորեն Տաշիրն էլ աշխարհաքաղաքական նշանակություն ունեցավ»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ NEWS.am-ի տեղեկություններով հատուկջոկատայիններն այս պահին խուզարկություններ են իրականացնում գործարար Սամվել Կարապետյանի Երևանում գտնվող տանը։
Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ գործարար Սամվել Կարապետյանը, անդրադառնալով վերջին շրջանում իշխանությունների կողմից եկեղեցու նկատմամբ մղվող արշավին, ասել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։
Հարցազրույցի տարածումից րոպեներ անց, Նիկոլ Փաշինյանը նման գրառում է արել.
«Պոռնկաբարո «հոգեւորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչու՞ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»։











