Առաջիկա ժամերի ընթացքում կհրապարակվի գործարար, բարերար Սամվել Կարապետյանին կալանքի տանելու միջնորդության մասին դատարանի վճիռը։ Քիչ առաջ Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ Ռուբեն Հակոբյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ դատարանը ներկա պահին հեռացել է խորհրդակցական սենյակ։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչը, որը կատարվել է հրապարակայնորեն ցուցադրվող ստեղծագործությունները կամ զանգվածային լրատվության միջոցները կամ տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Նշենք, որ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասը որպես պատիժ նախատեսում է տուգանք քսանապատիկից հիսնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներ՝ հարյուր հիսունից երկու հարյուր յոթանասուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակում՝ մեկից երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ՝ մեկից երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ երկուսից հինգ տարի ժամկետով:
Նշենք, որ խոսքը Սամվել Կարապետյանի՝ NEWS.am-ին տված հարցազրույցի մասին է, որտեղ նա, մասնավորապես, հայտարարել էր. «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Քանի որ ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցությունը։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք մասնակցելու այս ամեն ինչին»։
Այս գիշեր, ժամը 3-ի սահմաններում, Կարապետյանը փոխոստիկանապետի ուղեկցությամբ մեքենայով տեղափոխվեց ոստիկանական բաժին, իսկ հետո՝ Քննչական կոմիտե։
Վաղ առավոտյան էլ հայտնի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին ազատել է պաշտոնից։ Ազատման պատճառն, ըստ որոշ լուրերի, այն է, որ Աբազյանը հրաժարվել է կատարել Փաշինյանի հրահանգն ու շոու չի արել Կարապետյանի տան մոտ։











