Մեր բյուջեն շատ լավն է ու լավ ընդդիմություն ունենք, չեք տեսնո՞ւմ, հա ուզում են ինչ-որ մի բան քչփորեն, հանեն, բայց երբ տեսնում են, որ սա տարբերվում է շատ տարիների բյուջեներից, ասելու բան չկա, որ ասեն, եթե ինչ–որ մի բան տեսնեն, կասեն միանշանակ։ Այս մասին այսօր՝ հունիսի 20–ին, NEWS.am–ի հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանը՝ անդրադառնալով նրան, որ այսօր քաղաքի բյուջեն հաստատվեց միաձայն, կողմ էր նաեւ ՔՊ–ն։

«Ես տեսնում եմ, որ տրամադրված գալիս են, բայց մենք քննադատելու տեղ չենք թողնում։ Ամենաշոշափելին այն էր, որ աշխատավարձի բարձրացում եղավ։ Ես չեմ տեսել մի քաղաք, մի պետական կառույց, որ 30%-ով աշխատավարձի բարձրացում անի։ Դա ամենամեծ ձեռքբերում ն է, և ամբողջ ժողովուրդը ուշի ուշով հետևում է, թե երբ այդ աշխատավարձերը կբարձրանան։

Ես քարոզարշավի ժամանակ ստանձնեցի, որ պետք է անպայման մարդկանց աշխատավարձը 50%-ով բարձրացնենք։ Այս տարի 30 տոկոսով բարձրացրել ենք, հաջորդ տարի ևս 30 տոկոս, դրանից հետո ևս կավելացնենք։

Հիմա կասեք որտեղից. ասեմ մոտ 180 միլիոն դրամ գտնվում է հարկադիր կատարման ծառայությունում և քաղաքապետարանը ոչ մի միջոց չի ձեռնարկել, որ գնա գումարների հետևից և բերի հասցնի քաղաքապետարան, որը աբսուրդ է։ Սա նշանակում է, ովքեր որ այստեղ աշխատել են, ամոթ իրենց, ու իրենց բերողներին էլ։ Տեսեք, թե ում բերեցիք, կապեցիք ժողովրդի գլխին։ Աշխատում էինք էլի, ինչի՞ ճանապարհս փակեցիք։

Քաղաքն անտերության է մատնված, ապառքները հասել են տասնյակ միլիոնավոր դրամների։ Մարդիկ ամենալավ կառույցները զբաղեցրել են, քաղաքապետարանը դրանց գումարները չի գանձում, Ստվեր են թողնում, որ այդ ստվերի մեջ տեղավորվեն։ Մեր առջեւ դրել ենք, որ միայն ապառքից պետք է գանձենք 550 մլն դրամ»,–ասաց Վարդան Ղուկասյանը։

Նա ընդգծեց, որ իր նկատմամբ քաղաքական պատվերով քայլեր են արվում. «24 գույքի մասին են խոսում, իմ ազգանունն են ուզում մեջը կապել։ Դա աբսուրդ է։ Քաղաքապետարանից իրավաբաններին գումար են տալիս լրացուցիչ, բայց քաղաքաշինության նորմերի ոչ մի խախտում չկա։ Եվ դատարաններն են կրակն ընկել մեր ձեռքը, և քննչական կառույցները,  որովհետև ասում են՝ պարտադրում են, գնացեք գործ հարուցեք։ Էս  մարդիկ էլ չգիտեն ինչ անեն, ոնց սրա տակից դուրս գան։ Բայց մենք համարձակ ենք, աշխատում ենք ու կաշխատենք»,– ընդգծեց նա։