Մերձավորարեւելյան իրադարձությունները սպառնալիք են պարունակում Հայաստանի ինքնիշխանության համար, բայց էլ ավելի մեծ սպառնալիք դրանք պարունակում են Ադրբեջանի համար։ Այս մասին հայտնել է իրանագետ Կարինե Գեւորգյանը Երեւանում ընթացող «Ռուսաստանի ակտուալ մոտեցումները Հարավային Կովկասի երկրների հետ փոփխգործակցությանը՝ Մերձավոր Արեւելքում իրավիճակի սրման պայմաններում» համաժողովում։

Այս համատեքստում փորձագետը թվարկել է Ադրբեջանի նախագահի եւ Հայաստանի վարչապետի այցերը Թուրքիա եւ մասնավորապես նշել Կասպից ծովի կարգավիճակի վերաբերյալ նախատեսված հանդիպումը, որի նպատակը Ռուսաստանին եւ Իրանին Կասպյան ավազանից հեռացնելն է։

Նրա խոսքով՝ առայժմ պարզ է մի բան՝ Իսրայելը եւ Իրանի վրա հարձակման կազմակերպիչները բլից-կրիգի հույս ունեին, սակայն այն ձախողվեց, եւ իրադարձությունները զարգացան այլ հունով։

Կարինե Գեւորգյանը նաեւ անդրադարձել է այն տեղեկատվությանը, որ իսրայելական ինքնաթիռները հարձակվել են Իրանի վրա Ադրբեջանի օկուպացրած Լեռնային Ղարաբաղի եւ հարակից տարածքներից։

«Այն տարածքներից, որտեղ կա 4 օդանավակայան եւ գրեթե մարդիկ չկան։ Կամ՝ միջանցքը տրամադրել է Թուրքիան, եւ այդ դեպքում մենք պետք է հասկանանք՝ Էրդողա՞նն է որոշում կայացրել, թե՞ նրան շրջանցել են։ Այս բոլոր հարցերը չի կարելի հանել օրակարգից»,- նշել է փորձագետը։