Ես չեմ կարծում, որ կապ ուներ Ստամբուլում Թուրքիայի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպումը Իրան–Իսրայել պատերազմի հետ, հավանական է, որ ավելի վաղ էր որոշումը ընդունվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

«Մենք գիտենք, որ Հայաստանի ԱԳ փոխնախարարը այնտեղ մեկնել էր նախապատրաստելու համար այցը դեռ մեկ շաբաթ առաջ։

Ես չեմ կարող ասել, թե ինչ ընթացք կունենա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացը։ Իմ ընդհանուր տպավորությունը այն է, որ այցը սկզբունքային նոր ինչ-որ բան չի բերի, և Թուրքիան իր դիրքորոշումը կպահպանի, իսկ Թուրքիայի դիրքորոշումը այն է, որ հենց Էրդողանն է դրա մասին բազմիցս հայտնել, որ մինչև Ադրբեջանի հետ պայմանագիր կամ համաձայնագիր չստորագրվի, Թուրքիան ոչ մի քայլ չի ձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման առումով։ Ես կարծում եմ սա կպահպանվի և այցը ոչ մի արդյունք չի տա այդ առումով»,–ասաց նա։

Անդրադառնալով Իսլամական համագործակցության կազմակերպության հերթական նստաշրջանում ընդունված բանաձևին, որը բացահայտ հակահայկական բնույթ ուներ, թուրքագետն ասաց. «Այսօր ես դա կարդացի, իհարկե դա շատ վտանգավոր է, որ կարողանում է Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ իր այդ մոտեցումները տարածել մի շարք երկրների վրա։ 50–ից ավելի երկիր է մասնակցում, որոնցից շատերը Հայաստանի բարեկամ երկրներն են, որոնց հետ մենք ավանդաբար ունենք շատ լավ հարաբերություններ։

Չեմ կարող ասել, մեր ԱԳՆ–ում ունեին ինֆորմացիա, թե չունեին, եթե ինֆորմացիա ունեին, պետք է ամեն ինչ անեին, որ դա չլինի։ Եթե ինֆորմացիա չունեին, ուրեմն դա շատ վատ է, որ կարողացել են այնպես անել, որ Հայաստանի ԱԳՆ–ն չի իմացել։ Ամեն դեպքում դա իհարկե հարված է Հայաստանի հեղինակությանը»։