Եթե ընտրովի արդարադատություն լիներ, ուղղակի բանտերում տեղ չէր լինի այսօր։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը՝ հավելելով, որ բոլոր նախկին իշխանությունները ժողովրդին խաբելու և կեղծիք տարածելու, կեղծելու, կոռուպցիոն գործարքների մեջ թաթախված լինելու համար ազատազրկված կլինեին։
«Եթե քաղաքական վենդետայի ցանկություն ունենայինք, ուղղակի հիմա Հայաստանի բանտերում տեղ չէր լինի։ Եթե դուք Սամվել Կարապետյանի կալանավորումը կապում է քաղաքական հետապնդման հետ, դուք սխալվում եք, քանի որ չի կարող Հայաստանում 2018 թվականից ի վեր ինչ-որ մի քաղաքական գործիչ կամ անգամ բիզնեսմեն, կամ ինչ-որ մարդ, որը չունի ոչ մի կարգավիճակ, պետության հետ խոսել «հաթաթա»–ի լեզվով, և ասել՝ « մենք մեր ձևերով կանենք ինչ-որ բան»։
Մարդը նախ ժողովրդի կողմից ընտրված իշխանության ներկայացուցիչներին խմբակ է անվանում, ապա ասում, որ եթե նրանք չկարողանան քաղաքական ճանապարհով այս հարցը լուծել, մենք կլուծենք մեր ձևով։ «Մեր ձեւով»–ի ժամանակները Հայաստանում ավարտվել են։ «Մեր ձևով» ասվածի շրջանակում մենք բոլորս, այդ թվում նաև դուք, կարող եք ենթադրել, որ դա մարտի մեկն է, կարող եք ենթադրել, որ դա հոկտեմբերի 27-ն է, կարող ենք ենթադրել, որ պապլավոկի զուգարանում քաղաքացուն սպանելն է։
Ժողովրդի կողմից ընտրված իշխանության հետ, ոչ ոք չի կարող խոսել նման լեզվով, ու եթե բացի Սամվել Կարապետյանից, էլի լինեն մարդիկ, նույնպես արժանանալու են համապատասխան իրավական պրոցեսների»։











