Սա բացարձակապես իրավապահ մարմինների գործառույթներն են, և այս նախաձեռնությամբ դուք ապացուցում եք, որ այս երկրում իրավապահ մարմինների ինստիտուտը չեն աշխատում, որովհետև եթե իրոք աշխատեր, յոթ տարվա մեջ այս հարցի լուծումը մենք վաղուց ստացած կլինեինք։ Այս մասին, այսօր՝ հունիսի 24–ին, Երևանի ավագանու նիստում նշեց «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարոկյանը՝ 1991-2025-ին դպրոցների, մանկապարտեզների օտարման գործընթացներն ուսումնասիրելու համար քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին նախագծի քննարկման ժամանակ։

«Միայն բանը, որ դուք կարող եք անել այս պահին, դրսում նախկին քաղաքապետարանի նկարների տակը գրեք, թե քանի հատ մանկապարտեզ են թալանել։ Եթե դա կարողանաք անել, ես գոհ կլինեմ։

Հիմա իմ հարցը վերաբերվում է հետեւյալին. 2019-ին երկու մանկապարտեզ հաջողվեց պայմանագրով վերադարձնել քաղաքապետարանին, մեկը նախկին 119 մանկապարտեզի շենքն էր, որ կարծես Աջափնյակում էր, և մյուսը Վերոնիկայի մանկապարտեզը Մալաթիա-Սեբաստիայում։ Որքան գիտեմ Վերոնիկայի մանկապարտեզը լավ, նորմալ վիճակում է, բայց մինչև օրս չի աշխատում։ Հիմա ի՞նչ վիճակում են այս երկու մանկապարտեզները»,– ասաց նա՝ հարցն ուղղելով նախագիծը ներկայացնող ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանին։

Վերջինս ի պատասխան ասաց. «Ձեր տված հարցերը նախագծի էության հետ կապ չունեն։ Այդ մանկապարտեզների վերանորոգման պլանի հետ կապված համապատասխան պաշտոնյա կա, ով պետք է պատասխանի այդ հարցին»։

Զարոկյանն ասաց. «Հիմա ասում եք՝ ուզում ենք մանկապարտեզերը հետ բերենք։ Էն երկու հատը արդեն հինգ-վեց տարի հետ եք բերել, նստել եք ձեր հետևների վրա, շշմած, չգիտեք ինչ եք անում։ Հետ եք բերել, դրեք աշխատացրեք,  չեք կարողանում աշխատացնեք, հիմա ինչի՞ մասին եք խոսում։ Դուք ունա՞ք, չեք աշխատելու»։

Իր հերթին փոխքաղաքապետ Արմփն Փամբուխչյանն ասաց. «Վերոնիկայի մանկապարտեզի մասով հարցը քննարկել ենք շինբարեկարգման վարչության հետ, ներկա պահին նախապատրաստվում է նախագիծ, որպեսզի հետագայում մանկապարտեզը սկսի գործել։ 119 մանկապարտեզի մասով էլ հավելյալ կարող ենք ձեզ տեղեկացնել»։