Եթե ամեն ինչ այդպես վատ լիներ, եթե ամեն ինչ այդքան դաժան և դժբախտ լիներ, ինչպես որ դուք եք ներկայացնում, ուղղակի դուք այստեղ նստած կլինեիք, ոչ թե մենք, դա ֆիքսեք. ժողովուրդը արդար, թափանցիկ ընտրությունների միջոցով իր քվեն տվել է համապատասխան քաղաքական ուժերին և ձևավորել է համայնքային և պետական իշխանություններ։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ՔՊ խմբակցության անդամ Լևոն Լևոնյանը՝ դիմելով ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանին։

Նշենք, որ քննարկվում է 1991–2025 թվականներին Երեւանում մանկապարտեզների ու դպրոցների օտարման գործընթացն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծելու հարցը։

«Ես խոսում եմ այն մասին, որ թաղապետները, կամ վարչության պետերը, կամ այլ ինչ-որ իշխանավորներ միջնորդություն չեն անում իրենց հարազատների, մտերիմների երեխաների համար, որպեսզի նրանք առանց հերթի  իրենց երեխաներին  տեղավորեն մանկապարտեզներում։ Եթե գեթ մեկը կկարողանա ապացուցել, որ իր երեխային կամ իր ծանոթի երեխային առանց հերթի, այսինքն հերթը խախտելով տեղավորել է մանկապարտեզ, ես ինքս ձեզնից ներողություն կխնդրեմ և ամբողջ քաղաքի բնակիչներից ներողություն կխնդրեմ։ Դուք նման բան չեք կարող ապացուցել, դուք նման բան չեք կարող ասել։ Մենք նման երևույթին վերջ ենք դրել, հերթերը միշտ կան, հերթերը բնականոն հերթեր են, ոչ մեկ չի խցկվում հերթի մեջ, ամեն ինչը ծրագրով կարգավորված է, mankapart.erevan.am կայքով օնլայն կարող եք հետևել բոլոր հերթերին։

Պարոն Սուքիասյան դուք ասում եք 3.4 միլիոն դոլարով վաճառքի է հանվել այս գործող մանկապարտեզը։ Մի հատ եկեք հետ գնանք, հասկանանք՝ ձեր նախկին քաղաքական կնքահայրերը, երբ որ օտարման տակ էին դնում այդ պետական գույքերը, մանկապարտեզներն ու դպրոցները, քանի՞ զրո պակաս էին դնում, 3000 դոլար, թե՞ 30 000 դոլար լավագույնը։ Եկեք դրա համեմատենք ու ամեն ինչ ձեզ համար կարծում եմ լրիվ պարզ կլինի։

Ինչի՞ չեք ուզում մաս կազմել այդ քննիչ հանձնոժողովին, , ինչի՞ց եք վատ զգում, ինչի՞ չեք ուզում մտնեք այդ քննող հանձնաժողովի մեջ։ Եթե այդպես սրտացավ եք, եթե այդպես ձեզ մեջ արդարությունը բոցավառվում է, բա եկեք միացեք։ Թե՞ կարող է փոխկապակցված անձանց անուններ ի հայտ գան կամ հերթափոխությամբ նվիրատվություն կամ ժառանգականություն ստացած գույքերի մասով, որ ձեզ հարազատ լինեն այդ անունները, ինչ-որ մեկին բարեկամ լինեն, ինչ-որ մեկին խնամին, քաղավորը կամ ծանոթ բարեկամը լինեն։

Ես չունեմ իմ շրջապատում, ո՛չ իմ բարեկամական, ո՛չ իմ ընկերական շրջապատում գեթ մի տենց անձնավորություն, ով նման սխեմայի մաս կարող է կազմած լինի օտարման կամ օտարումից հետո նվիրատվության։

Ի դեպ, պետք է նշեմ, որ վերջին 5-6 տարիների ընթացքում մոտավորապես 70-ից 80 անուն անշարժ գույք, թե վարձակալական հիմունքներով անվերադարձ, 99 տարի ժամկետով տրված է եղել ինչ-որ տնտեսվարող սուբյեկտների, դրանք այդ բոլոր պայմանագրերը խզվել և հետ են վերադարձվել համայնքի տնօրինմանը և կառավարմանը։ Բա դրա մասին խոսացեք, Բուզանդի 1/3 հասցեից խոսացեք, որ տարածքներ էին նվեր տալիս իրար։ Աասում էին՝ գնացեք ձեր գրասենյակները բացեք։ Կարո՞ղ է բացենք, նայենք, տեսնենք այդ անունները, ում են տրվել, ում օրոք են տրվել, էլի ձեզ լիքը հարազատ մարդիկ դուրս գան այդտեղ»,– ընդգծեց ՔՊ–ական անդամը։

Անդրադառնալով նրան, որ ավագանու ՔՊ–ական անդամներից մեկը «Մայր Հայաստանի» անդամներին մեղադրել է ընտրակաշառք բաժանելու մեջ, Լևոն Լևոնյանն ասաց. «Եթե դա ձեզ համար հանելուկ է կամ նոր բացահայտում է, ես պետք է ձեզ հիասթափեցնեմ և բացահայտեմ, որ դուք այդ քաղաքական ուժի պիլոտային դեմո տարբերակն եք»։

Նրա ելույթից հետո դահլիճում աղմուկ բարձրացավ, «Մայր Հայաստան»–ի անդամները տեղից ինչ–որ բաներ էին հայտարարում։

«Մայր Հայաստանից» Արմեն Քոչարյանն արձագանքելով ելույթին, ասաց. «Էդ որ ասում եք՝ արցախցու մատից փուշ եք հանել, արցախցու տունը, տեղը, հողը, ստեղծած, հանձնել են ձեր քաղաքական ղեկավարները,  հանձնել եք, հիմա փո՞ւշ եք հանում։ Դուք ոչ մի բան էլ չեք արել, դուք հանձնել եք մատից էլ փուշ չեք հանել։ Ոնց որ հիմա ես պարտեզների հարցով շոու եք սարքել, նույն ձև էլ այդ փուշերն եք հանում, ում որ պետք ա։

Երկրորդ,  ասում եք՝ եթե ամեն ինչը ճիշտ լիներ, դուք նստած կլինեիք այստեղ։ Դուք ոնց որ մոռացել եք՝ ինչպես եք այդտեղ հայտնվել։ Մարդիկ ընդդիմադիր ձևանալով եկել միացել են ձեզ և անասնագողությունով քվեարկել եք, քաղաքապետ եք անօրինական ընտրել։ Ժողովուրդը ձեր գնահատականը տվել է, թե Գյումրիում, թե Փարաքարում, թե մնացած համայնքներում»։

Նրան ընդհատեց հետեւի շարքում նստածներից մեկը՝ ասելով. «Տո լավ է»։

Արմեն Քոչարյանն էլ արձագանքեց. «Տո լավ» չի, ձեզ կառավարեք, կեթաք ձեր փողոցում տենց կխոսաք»։

Իրավիճակը լարվեց, «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ձեռք խփեց սեղանին ու բղավեց. «Դե հերիք ա»։

Նիստը վարող փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը հանդարտության կոչ արեց։