Հունաստանի Կրետե կղզում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է Ադրբեջանի 26-ամյա քաղաքացի։ Սուդայի ծոցում ԱՄՆ ռազմաօդային և ռազմածովային ուժերի բազայի մոտակայքի հյուրանոցում հանգրվանած տղամարդը ռազմական օբյեկտներ էր նկարահանում, հաղորդում է հունական ERTnews հեռուստաալիքը՝ վկայակոչելով երկրի ոստիկանությանը և հետախուզական ծառայությանը։

Ձերբակալվածը լեհական վիզա ունի։ Նրանից առգրավվել է մոտ հինգ հազար լուսանկար և մեծ թվով տեսանյութեր, գրում է DW-ն։ Կասկածյալին ավելի վաղ նկատել էին ռազմավարական նշանակություն ունեցող վայրերը և Սուդայի ծոց ելումուտ անող ռազմական նավերը նկարահանելիս։

Կիպրոսում Հհունիսի 21-ին ձերբակալվել է Ադրբեջանի քաղաքացի, որը կասկածվում է ռազմական օբյեկտների դեմ ահաբեկչական հարձակում ծրագրելու մեջ։ Կիպրոսի լրատվամիջոցները, հղում անելով կառավարության աղբյուրներին, հաղորդել են, որ ձերբակալվածը երկիր է մտել բրիտանական անձնագրով և գործել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրահանգներով։

Կիպրոսի և Հունաստանի հետախուզական ծառայությունների տվյալներով՝ Միջերկրական ծովում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմական բազաները, դրանց թվում՝ Կիպրոսում տեղակայված երկու բրիտանական ռազմաբազաները և Սուդայի ծոցում տեղակայված ամերիկյան բազան, կարող են դառնալ հարձակումների թիրախ՝ Իսրայելի և Իրանի միջև ռազմական հակամարտության սրման և դրան ԱՄՆ ներգրավման ֆոնին։