Բագրատ Սրբազանն այս պահին ձերբակալված է, համոզված եմ՝ նրա նկատմամբ կալանքի միջնորդություն կներկայացվի։ Այս մասին այսօր՝ հունիսի 25–ին, Բագրատ Սրբազանի կեցավայրի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

«Բոլորի հեռախոսներն առգրավել են»,– ասաց նա։

Անդրադառնալով ՔԿ–ի տարածած ձայնագրություններին, փաստաբանը նշեց, որ դրանք չեն կարող ահաբեկչության սցենար համարվել. «Վերջին մեկ տարվա ընթացքում քաղաքական գործընթացներ են եղել, ակցիաներ են եղել, և այդ ժամանակ պարզ է, որ անձանց ակտիվության կոչեր են եղել, այդտեղ, ո՞րն է քրեորեն հետապնդելի, բայց հիմա իրենք այս շոուի ատրիբուտները ապահովելու են, տարբեր այսպիսի բաներ են տարածելու, շղարշ ստեղծելու և իմիտացիա անելու համար, որ տեսեք, ահաբեկչական խումբ ենք բռնել։ Ես վստահ եմ, որ սա հերթական շոուն է, մենք այս տիպի շոուներ բազմաթիվ ենք ունեցել։ Այս անգամ ավելի սրացում էր»,–ասաց նա։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր վաղ առավոտյան իրավապահները խուզարկություններ են սկսել Սրբազան Պայքարի աջակիցների տներում։ Նրանք գործողություն են իրականացնում նաև Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի բնակավայրում։

Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնում են, որ այս պահին ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։

Քննչական կոմիտեն էլ հայտարարել է, որ ««Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: