«Սրբազան պայքար» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին կալանավորելու միջնորդության քննությունն ավարտվեց. որոշումը կհրապարակվի ժամը 3-ին։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Արամ Օրբելյանը։
Փաստաբանը նշեց, որ դատական նիստն ընթացել է նորմալ մթնոլորտում, Բագրատ Սրբազնի տրամադրությունը լավ է։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դատարանը բավարարել է Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին, Բագրատ Սրբազանի օգնական Մովսես Շարբաթյանին, բլոգեր Արմեն Ալեքսանյանի, պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանին, «Սրբազան պայքար» շարժման ակտիվիստ Լիդյա Մանթաշյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Բագրատ Սրբազանի աջակից Տիգրան Գալստյանի նկատմամբ կալանք կիրառելու՝ քննիչի միջնորդության քննությունն ավարտվեց, դատարանի որոշումը կհրապարակվի առավոտյան ժամը 11:00-ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 16 անձի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություններ են ներկայացվել դատարան:
Բացի այդ, ՀՅԴ–ից հայտնել են, որ առավոտյան ապօրինի խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանի, ՀՅԴ Աբովյանի կոմիտեի անդամ Վարդան Ավագյանի, Հրազդանի կոմիտեի անդամ Արտաշես Հունանյանի և Նոյեմբերյանի կոմիտեի անդամ Վարազդատ Ամիրաղյանի բնակարաններում։
Խուզարկել են նաեւ «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանի տունը։ Նրա կնոջը եւս ձերբակալել են։
Քննչական կոմիտե էլ հաղորդագրություն է տարածել, որի համաձայն՝ «Սրբազան պայքար»-ի մասնակիցները և ղեկավարները պլանավորել են ՀՀ-ում ահաբեկչական գործողություններ: Պլանավորմանը մասնակցել են մի շարք անձինք, ներգրավվել են նախկին ոստիկաններ ու զինվորականներ: ՔԿ–ն նաեւ մի շարք ձայնագրություններ է հրապարակել։











