«Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանն ամեն գնով փորձում է ռեանիմացնել Բագրատ Սրբազանի շարժումը, այն պարագայում, որ բոլորի համար ակնհայտ է, այդ շարժումը, որպես այդպիսին, մահացել է։ Կան մի շարք պատճառներ, բայց հիմնական պատճառը մեկն է. այդ շարժումը ռեանիմացնելով փորձում են ստվերել Սամվել Կարապետյանի գործոնը»։ Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ անդրադառնալով Բագրատ Սրբազանի ու նրա աջակիցների կալանավորումներին։

«Բագրատ Սրբազանի շարժումը, որպես այդպիսին, արդեն մեկ տարի է՝ չկա։ Անգամ եթե ընդունենք, որ քննչական կոմիտեի ներկայացրած փաստաթղթերը համապատասխանում են իրականությանը, այնտեղ ամսաթիվ է նշված՝ 2024 թվական։ Այսինքն եթե անգամ ընդունենք, որ այդ փաստաթղթերն ինչ–որ առումով ուղղակի կամ անուղղակի կապ ունեն այդ շարժման հետ, կստացվի նման պատկեր. ինչ–որ մարդիկ գրել են ինչ–որ ծրագիր, որն իր արդյունավետությամբ զրոյական արժեք ունի։ Եթե արհեստական բանականությանը հարց տային, թե ինչպես Հայաստանում իրականացնել իշխանափոխություն, հաշված րոպեների ընթացքում 10 անգամ ավելի արդյունավետ ծրագիր կտար»,–ասաց քաղաքական վերլուծաբանը։

Անդրադառնալով Քննչական կոմիտեի ներկայացրած ձայնագրությանը, որտեղ ըստ գերատեսչության տարածած հաղորդագրության, Բագրատ Սրբազանը շարժման մասնակիցների հետ զրուցում է իշխանությունը զավթելու ճանապարհների մասին, Արգիշտի Կիվիրյանն ասաց.

«Ձայնագրությունը եթե լսեք, այնտեղ մասնատված հատվածներ են։ Բայց նորից եմ ասում՝ սա որևէ նշանակություն չունի։ Եթե փաստաթղթերը 2024 թվականի են, Աստված գիտի, թե ձայնագրությունները, որ  իրար կցել են, որ թվականի են։ Եթե անգամ, ընդունում ենք, որ այս ամենը որևէ կապ ունի շարժման հետ, սա նշանակում է, որ վաղուց եղել է իշխանության ձեռքում, լուրջ չեն վերաբերվել և չեն օգտագործել, կամ էլ սպասել են նման հարմար առիթի ժամանակ սրանից շոու սարքելուն։ Բայց դրա մեջ պոտենցիալ հեղաշրջման վտանգ չեն տեսել»։

Խոսելով գործարար Սամվել Կարապետյանի դեմ իրականացվող իրավական գործընթացների մասին՝ նա ասաց.

«Եթե նա կարողանա իր ձեռքի տակ եղած ֆինանսական ու մարդկային ռեսուրսները ճիշտ օգտագործել, կարող է լուրջ վտանգ դառնալ այս իշխանությունների համար։ Նա շատ հանգիստ կարող է վերածվել Բիձինա Իվանիշվիլիի, եթե ունի այդ կամքը, և եթե ֆինանսական ու մարդկային ռեսուրսը գրագետ օգտագործի։ Շատ կարևոր է նաև, որ նա պետք է կամային գործի և որևէ պարագայում այս իշխանությունների հետ պայմանավորվածության չգնա։ Իշխանությունների կողմից Սանվել Կարապետյանի նկատմամբ այս գործողությունների նպատակը հենց այն է, որ նա չդառնա Բիձինա Իվանիշվիլի։ Երբ նա արեց այդ հայտնի հայտարարությունը... իշխանությունները հավանաբար սպասում էին դրան, նրանց առիթ էր հարկավոր։ Սամվել Կարապետյանը սխալ գործեց. նա պետք է ստեղծեր քաղաքական գործիքակազմը, ապա նոր այն օգտագործեր քաղաքական նկատառումներով։ Ոչ թե աներ հայտարարություն՝ առանց գործիքակազմ ստեղծելու»։

Արգիշտի Կիվիրյանի խոսքով, բոլորի համար ակնհայտ է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ հարուցված քրեական վարույթը հորինված է։ Նա ևս մեկ անգամ շեշտեց, որ Բագրատ Սրբազանին ու նրա աջակիցներին կալանավորելով, իշխանությունը փորձում է ստվերել գործարար Սամվել Կարապետյանի դեմ ընթացող գործընթացները։

«Բագրատ Սրբազանից զատ, ձերբակալվածների թվում կան մարդիկ, որոնց մասին հանրությունը ընդհանրապես տեղյակ չէ։Ակնհայտ է, որ այս ամենի հիմքում դրված է Սամվել Կարապետյանի գործը ջրելու նպատակը։ Հենց այդ նպատակին հասնեն, վստահ եղեք, որ այս գործից ձերբազատվելու են, որովհետև այստեղ որևէ լուրջ նյութ չեմ տեսնում»,–հավելեց նա։

Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանն այն մասին, որ իրավապահ համակարգի աշխատակիցները կանխել են հոկտեմբերի 27-ի կրկնությունը, հետևաբար պիտի պետական պարգևի արժանանան, Կիվիրյանն ասաց.

«Նիկոլ Փաշինյանն այս մեռած գործի կապակցությամբ գրառումներ սկսեց անել, ընտանիքի անդամներին կցեց։ Տղան արդեն որքան ժամանակ է՝ որևէ ձևով չէր երևում, հաշված ժամերի ընթացքում երեք գրառում է անում, կինը գրառում է անում, ՔՊ–ում ով կա՝ պարտադիր գրառում է անում։ Նրանց ամեն գնով պետք էր այս մեռած շարժմանը միս ու արյուն հաղորդել, ասել՝ գալիս էին մեզ վրա, հազիվ դեմներն առանք»։