Մայր Աթոռում այս պահին Քահանայաց ժողով է, իսկ այդ ընթացքում Մայր Աթոռ են գնացել իրավապահները, նրանք գնացել են Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետևից։

Փաստաբան Արա Զոհրաբյանն ընթերցեց Քննչական կոմիտե քննիչի որոշումը՝ ձերբակալելու Միքայել Սրբազանին։ Նա ընդգծեց, որ որպես առիթ նշված է 2024 թվականի փետրվարի 3–ին տված հարցազրույցի ժամանակ Միքայել Սրբազանի խոսքերը, իբրև իշխանությունը զավթելու և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչեր է արել։

Արա Զոհրաբյանը նշեց, որ ՔԿ-ն միջնորդելու է, որ կալանավորեն Սրբազան հորը։

Հոգևորականները Միքայել Սրբազանին կոչ արեցին դուրս չգալ Մայր Աթոռից։

«Սրբազան, մի՛ գնացեք, թող գան, զոռով փորձեն տանեն, թող գան՝ բոլորսի տանեն»,- հայտարարեցին հոգևորականները։

Նշենք, որ այսօր առավոտյան մոտ 30 դիմակավորված անձինք  ներխուժել են Շիրակի թեմի առաջնորդարան:

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։

«2025 թվականի հունիսի 17-ին նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն, ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերը)»,–հայտնել էին գլխավոր դատախազությունից։