Կոնգրեսական Ադամ Շիֆն արձագանքել է գլենդելցի 9-ամյա Շանթ Արմենյանի խնդրանքին, եւ հայկական դպրոց է հրավիրել իսկական տիեզերագնացի:Շիֆը նշել է, որ հայկական դպրոցում սովորող իննամյա աշակերտից նամակներ է ստացել, որոնցում Շանթը կոնգրեսականին հայտնել է իր երազանքի մասին՝ ծանոթանալ իսկական տիեզերագնացի հետ եւ դառնալ Մարս այցելած առաջին մարդը:

«Շանթն ինձ գրել է հրաշալի, հուզիչ նամակ: Ես շատ նամակներ եմ ստանում երեխաներից, սակայն այդ նամակում զգացվում է, թե ինքան շատ է երեխան հետաքրքրված գիտությամբ եւ տիեզերքով»,-նշել է Շիֆը:

Հունվարի 13-ին կոնգրեսականն ու NASA-ի տիեզերագնաց Գրեգորի Չամինթոֆն այցելել են հայկական դպրոց, որտեղ աստղագնացը պատմել է իր աշխատանքի մասին եւ պատասխանել երեխաներին հետաքրքրղ հարցերին, տեղեկացնում է «Glendale News-Press»-ը:

Շանթը  նշել է, որ իր համար շատ կարեւոր էր տիեզերագնացի հետ հանդիպումը, քանի որ ինքը նույնպես ցանկանում է տիեզերք թռչել. «Ես երազում եմ Մարս թռչել, լինել առաջին մարդը, ով ոտք կդնի այդ մոլորակի վրա»,-ասել է նա: