Վստահ եմ՝ դուք շատ լավ գիտեք, որ վարչապետը կիրթ է, կիրթ ձևանալ կամ կիրթ դառնալ հնարավոր չէ, բայց եթե մարդու ընտանիքին պարբերաբար կպնում են՝ հայհոյախառն արտահայտություններով, և դուք նաև որպես լրագրողներ դա չեք դատապարտում, ինքն էլ արձագանքում է։ Այս մասին այսօր՝ հուլիսի 1–ին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 5 օր հայհոյախոսությամբ չի զբաղվելու, ինչու նա որոշեց կիրթ դառնալ։
Անդրադառնալով իրավական գործընթացների վրա վարչապետի կողմից ճնշումների թեմային, նա նշեց. «Հայաստանի արդարադատությունը առավել քան անկախ է, որևէ մեկը չի կարող միջամտել և ազդեցություն ունենալ դատարանների վրա։ Դուք առնվազն ականատես եք եղել մի շարք դատավարական պրոցեսների, որոնք գուցե նաև մեր սրտով տեղի չեն ունեցել»։
Դիտարկմանը, թե հարցեր չեն առաջանո՞ւմ, որ բլոր այս գործերը մակագրվում են նույն դատավորին՝ Մասիս Մելքոնյանին, Բաքոյանը պատասխանեց. «Մի շարք հարցեր կարող են տարբեր իրավիճակներում առաջանալ, բայց հարցը չպետք է ինձ հասցեագրեք, հարցը պետք է հասցեագրեք համակարգին։ Բազմաթիվ հարցեր են պարբերաբար մեզ հուզում և կարող է դատական համակարգի հետ կապված մի շարք հարցեր մեզ էլի հուզեն»։
Բաքոյանը չհամաձայնեց, որ հարձակում կա եկեղեցու վրա. «Կա հարց պայմանավորված մի շարք հոգևորականներով, որոնք հեղաշրջման կոչեր են արել, պլանավորել են երկրում ահաբեկչական ակտ իրականացնել։ Խոսքը սրա մասին ։ Եվ կան գործիչներ, որոնց աշխատանքը գնահատվում է ոչ պատշաճ և տրվել են հարցեր, այդ հարցերին չի տրվել որևէ պատասխան։
Ես այստեղ կուզեի անդրադառնալ իրավապահների աշխատանքներին և հույս ունեմ, որ այն քաղաքական գործիչները, որոնք իրենց սպառել են և քաղաքական աղբամանում են վաղուց գտնվում և որոնք ժամանակին զբաղվել են կոռուպցիայով, իրենց նախարարի եղած ժամանակ և ձեռք են բերել այնպիսի բնակարաններ, որոնց արժեքը միլիոնավոր դոլարների է հասնում և ցոփ ու շվայտ կյանք են վարում, ես կարծում եմ, որ այն մարմինները, որոնք մեր իշխանության ժամանակ անկախություն են ստացել, պարտավորեն զբաղվել նաև այս քաղաքական գործիչներով և այն ինչ իրենք ժամանակին խլել են ձեզանից, յուրաքանչյուրից, մեզանից, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից, պետք է վերադարձնեն ժողովրդին ու պետությանը»։











