Եթե գործարար Սամվել Կարապետյանը և նրա թիմը պայքարի կամք ցուցաբերեն, այդ պատմությունը կարող է թանկ նստել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրա։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։
Նրա կարծիքով՝ ամեն ինչ կախված է նրանից՝ արդյոք Կարապետյանը կընտրի հաշտեցման ճանապա՞րհը, թե՞ մինչև վերջ կդիմադրի։
Նա հավելել է, որ եթե դա տեղի ունենա, և Կարապենյանն անցնի հակագրոհների, Փաշինյանը լուրջ խնդիրներ կունենա։
Փորձագետը չի բացառել, որ նման դեպքում Վրաստանի պատմությունը կարող է կրկնվել, երբ միլիարդատեր Իվանիշվիլին կարողացավ տապալել նախագահ Սահակաշվիլիին և վերցնել իշխանությունը։ «Փաշինյանը բացահայտ ցույց է տալիս, թե ինչ «ժողովրդավարական» երկիր է Հայաստանը, որ այստեղ անգամ ժողովրդավարությունը հիշեցնող ոչինչ չկա։ Ի՞նչ իրավունք ունի Հայաստանի վարչապետը միջամտել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» մասնավոր ընկերության գործերին, որը պատրաստվում է երթ անցկացնել հաջակցություն իր առաջնորդ Սամվել Կարապետյանի։ Անկախությունից ի վեր Հայաստանը ժողովրդավարական չի եղել, իսկ 2018 թվականից հետո՝ առավել ևս»,- ընդգծել է Կիվիրյանը։
Նրա գնահատմամբ՝ Փաշինյանը պետք է տեղավորվի ժամանակային շրջանակում և փորձի «կոտրել» Կարապետյանին, նրանից ինչ-որ բան խլել և հասնել նրա քաղաքական չեզոքությանը, քանի դեռ նա բանտում է։
«Փաշինյանը հասկանում է՝ հենց որ Կարապետյանն ազատ արձակվի բանտից, վերջինիս հնարավորությունները կտրուկ կաճեն։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը չի գիտակցում, թե իր այս վարքագծով ինչպիսի ինդուլգենցիա է տալիս ոչ միայն Կարապետյանին, այլև ցանկացած այլ անձի։ Նրա գործողությունները կարող են երկիրը հանգեցնել շատ ծանր գործընթացների։ Փաշինյանն, ըստ էության, ոչնչացրել է ամբողջ պետաիրավական կարգը։ Դա ցույց է տալիս, որ պետական կարգ ու կանոն գոյություն չունի, այլ կա մի քմահաճ բռնակալ, որի կամքը բոլորը կատարում են։ Դա մյուս մարդկանց մեջ կարթնացնի այն համոզմունքը, որ իրենք ևս կարող են նմանապես վարվել», - նշել է վերլուծաբանը։
Փորձագետը վստահություն է հայտնել, որ Փաշինյանը դեռ բազմիցս կզարմացնի հայ հանրությանը։ «Փաշինյանը ամեն ինչ անում է 2026 թվականին վերարտադրվելու համար, և նա ամեն ինչ դրել է խաղադրույքին՝ այդ նպատակին հասնելու համար»,- եզրափակել է Կիվիրյանը։











