Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով դատական հերթական նիստում, այսօր՝ հուլիսի 4–ին, ինչ–որ պահի իրավիճակը լարվեց։
Վկաներից մեկի հարցաքննության ժամանակ պաշտպաններից մեկը հարց ուղղեց, թե որքան ժամանակ հետո է փորձել միջամտել Եղիշե Հակոբյանն, որն այս գործով անցնում է որպես մեղադրյալ, եւ ստացավ պատասխան 10 րոպե. «Դրանք եվրոպատուհաններ են, դրսից եսիմ ինչ ձև պիտի գոռան, որ դու մերսից լսես այդ շուխուռը»,–ասաց վկան։
Պաշտպանը փորձեց նաեւ հաջորդ հարցը տալ. «Հստակ է, չէ՞ քո համար, որ եթե օրապահ Լևոն Խառատյանը իր տեղում լիներ... »։
Դատավորը թույլ չտվեց շարունակել՝ միջամտելով. «Հարգելի պաշտպան, զրույցի հետ վերածում։ Կոնկրետ թող հարց տա»։
Այդ խոսքերից հետո իրավիճակը լարվեց, դահլիճում ներկաները սկսեցին ինչ–որ բան բղավել. «Ժամանակ չունե՞ք հարցերը լսելու, ի՞նչն է խնդիրը»,–ասաց տուժողներից մեկը՝ դիմելով դատավորի։
«Ժամանակ շատ ունեմ, բայց հարցերի ձեւ կա, հարցերը պետք է տրամաբանություն ունենան։ Դուք չեք որոշում հարցերի ձեւը։ Ես ձեզ զգուշացնում եմ, հաջորդ անգամ այլ սանկցիա կկիրառվի»,– բղավեց դատավորը։
Իսկ երբ հակադարձում ստացավ, դատավորն հայտարարեց. «Հեռացնել տուժող Գրիգորյանին մինչեւ դատական նիստի ավարտը։ Կոռեկտ արտահայտվեք»։
Այնուհետեւ դատավորը կրկին պաշտպանին կոչ արեց զրույցի չվերածել հարցերը։
«Զրույց կլինի, հարց կլինի, այդ բոլորը միտված է արդարադատության իրականացմանը։ Բոլորն էլ ականատես եղան, որ իմ թեկուզ զրույցը արդյունավետ է, տվեց որոշակի պտուղներ, որոշակի հստակեցում»,–ասաց պաշտպանը։
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։
Նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ) եւ վարույթ՝ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասով (զինվորական պաշտոնեական անփութության հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), որը կցվել է մայր վարույթին։
Հավելենք, որ զոհերի ծնողները չեն հավատում պաշտոնական վարկածին: Նրանք կարծում են, որ կատարվածը դիտավորություն է եղել, եւ որ տղաները մահացած են եղել նախքան հրդեհը։ Նրանցի շատերը պատմում են տղաների եւ սպաների միջեւ եղած լարված հարաբերությունների մասին։











