2011 թվականին Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ շարունակվել է երկուստեք հետաքրքրության տարբեր ոլորտներում սերտ համագործակցությունը: Այս մասին ասված է Հայաստանի ԱԳՆ-ի 2011 թվականի ամփոփիչ հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, ակտիվ աշխատանքներ են տարվել երկկողմ քաղաքական եւ առեւտրատնտեսական կապերի ամրապնդման ուղղությամբ:

2011թ. մայիսի 18-ից 20-ը տեղի է ունեցել  ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի այցն ԱՄՆ:  Այցի ընթացքում նախարար Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հանդիպումներ են տեղի ունեցել Միացյալ Նահանգների Կոնգրեսում:

2011թ. փետրվարի 23-24-ը Հայաստան է այցելել ԱՄՆ Պետքարտուղարի առաջին տեղակալ Ջեյմս Սթայնբերգը:

2011թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 66-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել  ԱՄՆ պետքարտուղարի առաջին տեղակալ Ուիլյամ Բըրնսի հետ, ով հոկտեմբերի 17-ին այցելել է Հայաստան:

Հաշվետու տարվա սեպտեմբերի 26-ին Վաշինգտոնում կայացել է  Հայաստան–ԱՄՆ միջկառավարական հանձնաժողովի ամենամյա նիստը:

2011թ. Հայաստանին հատկացված օժանդակության ծավալը կազմել է 44,7 մլն. ԱՄՆ դոլար։