ՌԴ հետ դաշնակցային, ռազմավարական հարաբերությունները 2011թ. նշանավորվեցին երկուստեք ձեռնարկված մի շարք քայլերով, որոնք միտված էին փոխգործակցության առավել ամրապնդմանը, նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրականացմանը:

Ընթացիկ տարում շարունակվել է բարձր մակարդակով ինտենսիվ քաղաքական երկխոսությունը: Երկկողմ եւ բազմակողմ ձեւաչափերում ՀՀ և ՌԴ նախագահներն ունեցել են շուրջ մեկ տասնյակ հանդիպում: Հանդիպումներ են կայացել  Ռուսաստանի Դաշնության վարչապետի հետ:

Հոկտեմբերի 23-25-ը տեղի է ունեցել ՀՀ Նախագահի` հայ-ռուսաստանյան հարաբերությունների պատմության մեջ առաջին պետական այցը Ռուսաստան, որի շրջանակներում ՀՀ Նախագահը հանդիպումներ է անցկացրել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդևի, ՌԴ կառավարության ղեկավար Վլադիմիր Պուտինի, Ռուսաստանյան Դաշնության խորհրդարանի երկու պալատների ղեկավարների, Մոսկվայի քաղաքապետի հետ, ելույթ է ունեցել Մոսկվայի պետական համալսարանում: Այցի շրջանակներում ստորագրվեցին  յոթ երկկողմ փաստաթղթեր:

2011թ. հոկտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում կայացել է ՀՀ և ՌԴ վարչապետներ Տիգրան Սարգսյանի եւ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:

Հուլիսի 7-8-ը  Հայաստան այցելեց Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին, որին ընդունեց Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը: Տարվա ընթացքում Հայաստանի եւ Ռուսաստանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Սերգեյ Լավրովը ունեցել են մեկ տասնյակից ավելի հանդիպում:

Հաշվետու տարվա հուլիսի 5-6-ը ՀՀ ԱԳ նախարարի ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակներում երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները ստորագրել և փոխանակել են 1995 թ. մարտի 16-ի «ՀՀ և ՌԴ միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին թիվ 5 Արձանագրության վավերագրերը։

2011թ. ապրիլի 20-ին Յարոսլավլում կայացել է  հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 20-րդ նիստը:

Հուլիսի 8-9-ը Ռոստովում կայացել է  հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 13-րդ նիստը:

2011թ. ապրիլի 18-19-ը Երեւանում կայացել է  «Հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում միջտարածաշրջանային համագործակցության նոր նվաճումներին ընդառաջ» խորագրով հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին համաժողովը, որի շրջանակներում ստորագրվել են  շուրջ երկու տասնյակ երկկողմ փաստաթղթեր:

Հաշվետու տարում բազմաթիվ փոխայցելություններ են տեղի ունեցել տարբեր գերատեսչությունների ղեկավարների եւ ապակենտրոնացված մակարդակներով:

Պարբերական բնույթ են կրել քաղաքական խորհրդատվություններն երկու երկրների ԱԳՆ-երի միջեւ: