2011թ. ընթացքում հետեւողական աշխատանք է իրականացվել եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության ամրապնդման եւ տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման ուղղությամբ: Այս մասին նշված է Հայաստանի ԱԳՆ 2011-ի ամփոփիչ հաշվետվության մեջ:

Ըստ այդմ, 2011թ. հունվարի 17-ին կայացել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցը Կիպրոս։ Այցի շրջանակներում ստորագրվել է «Համատեղ հռչակագիր Հայաստանի Հանրապետության եւ Կիպրոսի Հանրապետության միջեւ երկկողմ հարաբերությունների մասին»։

Հունվարի 18-ին կայացել է Սերժ Սարգսյանի պետական այցը Հունաստան։ Այցի շրջանակներում ստորագրվել է 3 փաստաթուղթ:

Մարտի 9-10-ը ՀՀ նախագահը պաշտոնական այց է կատարել  Լատվիա։ Այցի շրջանակներում ստորագրվել է 2 փաստաթուղթ: 

Ապրիլի 4-5-ը տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Սերբիա։ Այցի շրջանակներում ստորագրվել է 3 փաստաթուղթ:

Ապրիլի 13-14-ը կայացել է ՀՀ նախագահի պաշտոնական այցը Սլովենիա։ Այցի շրջանակներում ստորագրվել է 2 փաստաթուղթ:

Մայիսի 2-3-ը ՀՀ Նախագահը պաշտոնական այց է կատարել  Շվեյցարիայի Համադաշնություն։

Սեպտեմբերի 27-29-ը տեղի է ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա։

2011թ. հունիսի 2-ին եւ դեկտեմբերի 12-15-ը կայացել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի աշխատանքային այցերը Իտալիա եւ Վատիկան։

Առավել խորացվել եւ ամրապնդվել են Ֆրանսիայի հետ ավանդական սերտ բարեկամական հարաբերությունները։ 2011 թվականին Ֆրանսիայի նախագահի պետական այցը Հայաստան պատմական էր թե իր նշանակությամբ, թե արդյունքներով։

ՀՀ ԱԺ նախագահը պաշտոնական այցեր է կատարել Միացյալ Թագավորություն ու Գերմանիա, այցելել է Շվեյցարիա եւ Բելգիա: Տեղի են ունեցել նաեւ խորհրդարանական պատվիրակությունների փոխայցելություններ: 

Կայացել են ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի այցերը Բելգիա, Ավստրիա, Միացյալ Թագավորություն, Ռումինիա:

2011թ. տեղի են ունեցել ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի պաշտոնական եւ աշխատանքային այցերը մի շարք եվրոպական երկրներ, այդ թվում` Ավստրիա, Սլովակիա, Ֆրանսիա, Բելգիա, Լյուքսեմբուրգ, Միացյալ Թագավորություն, Իռլանդիա, Գերմանիա, Դանիա, Նիդերլանդներ, Լիտվա, Չեխիա:

Հաշվետու տարին առանձնահատուկ էր եվրոպական երկրներից  բարձր մակարդակով այցելությունների տեսանկյունից։ Հայաստան են այցելել եւ երկրի բարձրաստիճան ղեկավարության հետ հանդիպումներ ունեցել եվրոպական պետությունների ղեկավարներ եւ բարձրաստիճան պաշտոնյաներ, այդ թվում` Շվեյցարիայի Նախագահ Միշլին Կալմի-Ռեյը, Լիտվայի Նախագահ Դալիա Գրիբաուսկայտեն, Լեհաստանի Նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին, Խորվաթիայի խորհրդարանի նախագահ Լուկա Բեբիչը, Ռումինիայի Սենատի նախագահ Միրչե Ջոանան, Հունգարիայի Ազգային ժողովի նախագահ Լասլո Կյովերը, Լիտվայի ԱԳ նախարար Աուդրոնիուս Աժուբալիսը, Շվեդիայի ԱԳ նախարար Կարլ Բիլդտը, Նորվեգիայի ԱԳ նախարար Յոնաս Գահր Ստյորեն, Ռումինիայի ԱԳ նախարար Թեոդոր Բակոնսկին:

Տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի եւ Էստոնիայի, Միացյալ Թագավորության, Լեհաստանի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Հունաստանի ԱԳՆ-ների միջեւ:

Կայացել են հայ-կիպրական, հայ-ռումինական, հայ-լեհական եւ հայ-ավստրիական միջկառավարական համատեղ հանձնաժողովների նիստեր:

2011թ. ընթացքում եվրոպական երկրների հետ ստորագրվել են մոտ երեք տասնյակ երկկողմ համաձայնագրեր, հուշագրեր, արձանագրություններ եւ համատեղ հռչակագրեր։ 

2011թ. նոյեմբերին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի ներկայությամբ պաշտոնապես բացվեցին Հայաստանի դեսպանությունները Դանիայում, Լիտվայում, Նիդերլանդներում եւ Չեխիայում: Եվրոպական պետություններից Հայաստանում բացվել է Շվեյցարիայի դեսպանությունը՝ երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանի եւ Միշլին Կալմի-Ռեյի մասնակցությամբ: