Վաղ առավոտից ուժային կառույցները մտել են ՀՅԴ անդամների տներ, խուզարկություններ իրականացրել, նրանցից ոմանց էլ՝ բերման ենթարկել։
Բերման ենթարկվածների թվում է նաև ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանը։
Լրագրողների հետ զրույցում ՀՅԴ-ական պատգամավոր Գեղամ Մանուկյանն ասաց, թե առգրավվել են Գևորգի օրինական զենքերը. «Մեր Գևորգը հայտնի որսորդ է, տանը եղել են օրինական զենքեր, որոնք առգրավվել են։ Զգուշացնում եմ՝ եթե քննչականի ինչ-որ մառազմատիկ հայտարարությունում տեսնեք զենքերի նկարներ, իմացեք, որ այդ զենքերով ժամանակին ազատագրված տարածքներում որս էին անում։ Դա որևէ բռնի իշխանափոխության նպատակ չունի»,-ասաց Գեղամ Մանուկյանը։
Նշենք, որ լրագրողների հետ զրույցում Գևորգ Մուրադյանի փաստաբանն ասաց, թե նա չունի ձերբակալվածի կարգավիճակ, ունի վկայի կարգավիճակ։
«Սակայն, իրեն արգելում են, որ իրացնի իր ազատ տեղաշարժի իրավունքը»,-ասաց փաստաբանը։
Նշենք, որ Գեւորգ Մուրադյանը Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի որդին է։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ վաղ առավոտից ուժային կառույցները ներխուժել են ՀՅԴ անդամների տներ։ Խուզարկություններ են իրականացվել ՀՀ ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի աշխատակազմի ղեկավար Վահագն Մատինյանի և «Եղվարդ» խոշորացված համայնքի ավագանու անդամ, ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության Կենտրոնական վարչության նախագահ Գևորգ Մուրադյանի տներում։
Բերման է ենթարկվել ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի անդամ Արսեն Մարտոյանը։
ԱԱԾ-ն առգրավել է ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանի հեռախոսը, իսկ որդուն՝ Տարոն Մանուկյանին՝ ձերբակալել։











