Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման ընտրական համակարգի ընտրությունը, լինի լրիվ մեծամասնական, համամասնական կամ խառը, դա հայաստանյան քաղաքական ուժերի լուծելիք հարցն է, այլ ոչ Եվրոպայի: Այս մասին, այսօր` հունվարի 16-ին, ՀՀԿ-ական պատգամավորների հետ (խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի գլխավորությամբ) հանդիպման ժամանակ, հայտարարել է ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտը:

Հանդիպմանը ներկա ՀՀԿ-ական պատգամավոր Հովհաննես Սահակյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մի քանի մանրամասն է ներկայացրել այդ հանդիպումից:

«Մենք Պրեսկոտին ներկայացրել ենք Հայաստանում իրականացնող բարեփոխումները, մասնավորապես, խոսքը դատաիրավական, ոստիկանական ոլորտներում, Ընտրական օրենսգրքում կատարվող բարեփոխումների մասին է: Պրեսկոտն, ի դեպ, դրական արձագանքեց նոր ընտրական օրենսգրքի մասին, հայտարարելով, որ այն թույլ է տալիս նորմալ, թափանցիկ ընտրություններ անցկացնել»,-ասաց զրուցակիցը:

Նրա խոսքով, Ջոն Պրեսկոտը, մայիսին կայանալիք խորհրդարանական ընտրությունների քննարկման ժամանակ անդրադարձավ ընդդիմության կողմից առաջ քաշվող պահանջին` անցում կատարել 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգին: «Նա միանգամից ասաց, որ դա Եվրոպայի լուծելիք հարցը չէ: Հայաստանում խորհրդարանական ընտրությունների անցկացման ընտրական համակարգի ընտրությունը, լինի լրիվ մեծամասնական, համամասնական կամ խառը, դա հայաստանյան քաղաքական ուժերի լուծելիք հարցն է: Պրեսկոտն ընդգծել է, որ տվյալ դեպքում կարեւոր է ոչ այնքան ընտրակարգը, այլ այն, որ ընտրությունները համապատասխանեն բաց ու թափանցիկ ընտրությունների չափանիշներին»,-ասաց Սահակյանը:

Նրա ներկայացմամբ, Պրոսկոտը խոսել է նաեւ «մարտի 1-ի» իրադարձությունների բացահայտմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտության մասին: