Կառավարությունը տևական ժամանակ բռնի տեղահանումից և դրանից էլ ավելի վաղ զբաղվում է արցախցիների խնդրով, սոցիալական տարատեսակ ծրագրեր է իրականացնում։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ արդեն անօթևան մնացած արցախցիներ կան, որովհետև բնակվարձի փոխհատուցման ծրագիրը կրճատվել է։
«Մեկի համար « նորմալը. նշանակում է, ենթադրենք ամսական մեկ միլիոն դրամ աջակցություն, մյուսի համար ենթադրում եմ՝ 100 հազար դրամ աջակցություն։ Հայաստանի Հանրապետությունը տևական ժամանակ իր աջակցությունը հայտնել է և իրականացրել է»,–ասաց նա։
Հարցին՝ այսօր կառավարությունն ի՞նչ ունի առաջարկելու արցախցիներին, նա պատասխանեց. «Ես տեղյակ չեմ խնդրի մանրամասներից, ես ավելի քան վստահ եմ, որ խնդիրը մեզ մոտ քննարկվում է։ Համապատասխան մարմինները և կառույցները բնականաբար խնդրով զբաղվում են»։
Հարցին՝ արցախցիների վերադարձի հարցը հայ-ադրբեջանական բանակցություններում առկա՞ է, Տարոն Չախոյանը պատասխանեց. «Իսկ ինչքա՞ն է իրատեսական վերադարձը։ Իշխանությունը այսօր էլ կարող է ասել՝ ով ցանկանում է թող վերադառնա, բայց իշխանությունը շատ լավ ու հստակ գիտակցում է, որ անվտանգային լիքը խնդիրներ կան, որոնց հետ բախվելու են արցախցիները։ Արդյո՞ք կա այն կողմը, որ կապահովի արցախցիների անվտանգության հարցերը։ Ամբողջ խնդիրը հենց այդտեղ է»։
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ Փաշինյանը լավ հարաբերություններ ունի Էրդողանի ու Ալիևի հետ, Էրդողանի գիրքը շատ հաճելիորեն գրկել էր, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալն ասաց. «Իսկ դուք ի՞նչ էիք սպասում, երբ վարչապետին հանդիպման ժամանակ կամ հանդիպումից հետո նվեր են անում, պետք է հրաժարվե՞ր»։
Նշենք, որ երեկ հանրահավաքից հետո «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» որոշել էր Ազատության հրապարակից տեղափոխվել կառավարության շենքի դիմաց։
Հիշեցնենք՝ հուլիսի 12-ի հանրահավաքում ելույթ ունեցողներն անդրադարձան արցախցիների սոցիալական հարցերին, մասնավորապես բնակապահովման ծրագրին, Բաքվում գտնվող հայ գերիների վերադարձին, ինչպես նաև Արցախում գտնվող պատմամշակութային ժառանգության պահպանմանը։
ՀՀ ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայության տվյալներով՝ 2023 թվականի սեպտեմբերից հետո Արցախից 115 365 մարդ է բռնի տեղահանվել։
Հուլիսի 3-ի տվյալներով՝ նրանցից 9 346-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն են ստացել։











