Խնդրում եմ նաև շեշտել, թե քանի գերի է վերադարձել Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 14–ին, կառավարության դիմաց արցացխիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը՝ անդրադառնալով նրան, որ դեռ տարիներ առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ մեր գերիները երկու ամիս ավել կսպասեն ավել, մինչև վերադառնան հայրենիք։
«Ինչ է նշանակում՝ ո՞ր պետության շնորհիվ են վերադարձել։ Հայաստանի Հանրապետության շնորհիվ, որ ասեմ՝ Նիգերիայի կամ Կանադայի շնորհիվ՝ կհավատա՞ք։
Իհարկե, դեռևս կան գերիներ, որոնց վերադարձի հետ կապված դեռևս տարվում են աշխատանքներ»,–ասաց նա։
Հարցին՝ ինչու խաղաղության պայմանագրում չկա կետ ռազմագերիների վերադարձի մասին, Չախոյանը պատասխանեց. «Որովհետեւ խաղաղության պայմանագիրը ինքնին ենթադրում է, որ ռազմագերիները պետք է վերադառնան։ Պետք չի այդ կետը հատուկ շեշտել, որովհետև պարզ տրամաբանությունը արդեն իսկ հուշում է, որ այդ խնդիրը կլուծվի խաղաղության պայմանագրի շրջանակներում։ Բոլորի հետ հնարավոր է բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել և իրականացնել»։
Դիտարկմանը, որ անգամ գրավոր պայմանավորվածություններն է Ադրբեջանը խախտում, մասնավորապես, նոյեմբերի 9–ի հայտարարությունը, նա ասաց. «Այն, որ մարդկանց հետ, քաղաքական գործիչների հետ հնարավոր է բանավոր պայմանավորվածություններ ձեռք բերել և կյանքի կոչել, մեկ անգամ չէ որ համոզվել ենք այդ հարցում։ Նորից եմ շեշտում՝ հաշվեք, թե 2020 թվականից մինչև այսօր քանի ռազմագերի է վերադարձել Հայաստանի Հանրապետություն»։
Չախոյանը հավաստիացրեց, որ գերիների վերադարձի հարցը քննարկվում է բոլոր հնարավոր հարթակներում, այդ թվում նաև միջազգային բոլոր գործընկերների հետ. «Դուք ո՞նց եք պատկերացնում, ամեն անգամ տեսախցիկի առաջ մեր գործընկերները պետք է կանգնեն, հայտարարե՞ն»։











