Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 14-րդ դատարանում հունվարի 17-ին մեկնարկել է Դինքի գործով 25-րդ դատական նիստը, որի ընթացքում ըստ որոշ թուրքական լրատվամիջոցների, վճիռ կկայացվի։

Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝  դատական նիստի սկսվելուց հետո խոսել է Դինքի սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելի դատապաշտպան Էրդողան Սորուքլուն՝ նշելով, թե Դինքի սպանությունը «Էրգենեկոն»-ի գործերից է։ «Սխալ է, երբ կասկածյալներին մեղադրում են ահաբեկչական կազմակերպություն ստեղծելու մեջ։ Իմ պաշտպանյալը աշխատել է Տրապիզոնի ոստիկանության վարչությունում որպես հետախուզության գործակալ»,-ասել է Սորուքոլուն։

Այնուհետ պաշտպանական վերջին ճառով հանդես է եկել սպանության ուղղորդողներից Էրհան Թունջելը՝ նշելով, թե Դինքի սպանությունը ծրագրել եւ ուղղորդել է Յասին Հայալը։  Թունջելն իր ճառում մեջբերել է ռուս գրող Դոստոեւսկիին՝ շեշտելով, թե ինքը չի լռել եւ առանց իրեն պաշտպանելու պատմել է հանցանքի մասին։ Նա պնդել է, թե Դինքի սպանությունն իրականացրել է «Էրգենեկոն»-ը։

Նշենք, որ դատական նիստի ընթացքում դատարանի դիմաց հավաքված են «Հրանտի ընկերները», ովքեր պահանջում են արդար դատավարություն։ Հավաքվածները պարզել են՝ «Հրանտի համար, արդարության համար», «Բոլորս Հրատն ենք» «Բոլորս հայ ենք» կարգախոսները։

Նշենք, որ ավելի վաղ թուրքական մամուլում նշվել էր, թե Հրանտ Դինքի սպանության գործով դատավճիռը սպասվում է հունվարի 17-ին։

Դինքի փաստաբաններից Արզու Բեջերիքը շեշտել է, թե եթե այսկերպ ավարտվի դատը, այն կլինի խիստ թերի, քանի որ հեռահաղորդակցության վարչության կողմից ուղարկված հեռախոսային ձայնագրությունները պատշաճ չեն ուսումնասիրվել, մի շարք անձիք չեն ներառվել դատական գործընթացին։