Հատուկ քննչական ծառայությունում քննվող ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ Հովհաննես Թամամյանի գործով նախաքննությունը ավարտվել է եւ գտնվում է ծանոթության փուլում։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեցին ՀՔԾ-ից:

ՀՔԾ-ից տեղեկացրեցին, որ Հովհաննես Թամամյանն իրեն մեղավոր չի ճանաչել: Այսօր լրանում է Հովհաննես Թամամյանի 4-րդ անգամ երկարաձգված կալանքի ժամկետը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նոյեմբերի 17-ին, քննել է ՀՔԾ քննիչի միջնորդությունը Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Հովհաննես Թամամյանի կալանքը եւս երկու ամսով երկարաձգելու մասին: Դատարանը բավարարել է միջնորդությունը: Իսկ Հովհաննես Թամամյանի կալանքը երկարաձգվում է արդեն 4-րդ անգամ: Դատական նիստը կայացել է առանց Հովհաննես Թամամյանի մասնակցության, նա պարզապես հրաժարվել է մասնակցել դրանց:

Հիշեցնենք նաեւ, որ Թամամյանն անազատության մեջ է գտնվում մարտի 24-ից: Ինչպես ավելի վաղ հայտնել է NEWS.am-ը, Հովհաննես Թամամյանը մեղադրվում է Քրեական օրենսգրքի 308 հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ): Հայաստանի նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը փետրվարի 24-ին Հովհաննես Թամամյանին եւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Վարուժան Ադամյանին ազատել էր աշխատանքից գլխավոր դատախազի միջնորդության հիման վրա՝ «հետագա պաշտոնավարման աննպատակահարմարության» հիմնավորմամբ: Մամուլի տեղեկությունների համաձայն, Հովհաննես Թամամյանին կալանավորել են քրեական մի գործի նախաքննությունը շեղելու եւ իրական մեղավորին պատասխանատվությունից ազատելու համար: Նույն գործի շրջանակներում ձերբակալվել էր նաեւ ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի օպեր գծով նախկին տեղակալ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Պողոսյանը: Թամամյանը ներկայումս գտնվում է «Երեւան-Կենտրոն» ՔԿՀ-ում: