Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը Իսպանիայում հարցազրույց է տվել Կրասնոդարի «Կուբանի» մամուլի ծառայությանը:
Ցանկանում եմ հետեւել Մարկոս Պիզելիին, որը 3 տարով պայմանագիր է կնքել ձեր թիմի հետ: Համոզված եմ, որ նրա մասնակցությունը Ռուսաստանի առաջնությանը օգուտ կտա ակումբին եւ Հայաստանի հավաքականին:
Այստեղ ժամանելուս երկրորդ պատճառը «Կուբան» ակումբն է, որը Դան Պետրեսկուի ղեկավարությամբ հիանալի մրցաշրջան է անցկացնում: Թիմի խաղին հետեւել եմ հեռուստատետությամբ եւ միշտ նկատել եմ բարձր խաղային կարգապահությունը եւ կրասնոդարյան թիմի խաղացողների կազմակերպվածությունը: Այդ որակները եւ ֆուտբոլիստների նվիրվածությունն ապահովեցին լավ արդյունք:
Ցանկանում եմ անմիջականորեն հետեւել Պետրեսկուի ղեկավարած մարզումային գործընթացին, զրուցել նրա հետ: Կարողանալ ստեղծել միացյալ, մարտունակ կոլեկտիվ, որն ընդունակ է լուծել խնդիրներ. այդ հարցն է այժմ ակտուալ հավաքականի հետ իմ աշխատանքում:
Որքա՞ն հաճախ են լինում նման ուղեւորություններ:
Նախկինում ես համատեղում էի «Փյունիկի» եւ հավաքականի գլխավոր մարզչի պարտականությունները։ Այսպիսի վոյաժների հնարավորություն չէր լինում: Այժմ ես ամբողջությամբ կենտրոնացած եմ Հայաստանի հավաքականի աշխատանքի վրա: Այս ուղեւորությունն առաջինն է: Հաճախակի այցելությունների կարիք չկա էլ։ Հավաքականի խաղացողները միշտ էլ վերահսկողության տակ են:
Հայաստանի հավաքականի ելույթը Եվրո-2012-ում բացահայտում էր: Թիմը միայն Իռլանդիայի հետ արտագնա վերջին խաղում կորցրեց Եվրոպայի լավագույն թիմերի մեջ հայտնվելու հնարավորությունը: Ինչի՞ շնորհիվ հավաքականն առաջընթաց ունեցավ։
Մեր թիմը շատ երիտասարդ է եւ շատ հավակնոտ: Նախկինում ֆուտբոլիստների անձնական ամբիցիաներն ավելի շատ խանգարում էին: Հայ ֆուտբոլիստները միշտ ունեցել են տեխնիկապես լավ կատարող-ինդիվիդուալիստների համբավ: Բայց ընդհանուր եւ կայուն հաջողությունը միշտ կանխորոշում է թիմային ոգին։ Այժմ աճել են տաղանդավոր տղաներ, որոնք ավելի փորձառու են դարձել արտասահմանյան ակումբներում հանդես գալու շնորհիվ: Եթե նախկինում արտասահմանում 3-4 խաղացող ունեինք, ապա այժմ ունենք 13 նման ֆուտբոլիստների:
Հավաքականի յուրաքանչյուր խաղացողի համար եւս մեկ կարեւոր բան է հայրենասիրությունը: Սրտում պետք է լինի ոչ թե փողը, այլ երկիրը: Այս ամենը բնորոշ է Հայաստանի հավաքականի ներկա կազմին: Այս ընտրական շրջափուլում նպատակին հասնել չհաջողվեց փորձի պակասի պատճառով: Բայց այս տղաներն ունեն ներուժ եւ աճելու տեղ:
Ի՞նչ կարող եք ասել Մարկոս Պիզելիի մասին։
Արագ, տեխնիկապես պատրաստված ֆուտբոլիստ է, ուժեղ ձախ ոտքով եւ եզրափակիչ հարվածով, հիանալի է տիրապետում դրիբլինգի: Իսկական պրոֆեսիոնալ է: Նուրբ զգում է խաղընկերներին։ Դրա շնորհիվ նրա կարեւոր որակներից է նաեւ գոլային փոխանցում կատարելը: Մոտ է խաղարկողի: Շատ բրազիլացիների նման նախընտրում է հարձակողական ֆուտբոլ: Նախկինում այնքան էլ չէր օգնում պաշտպանությանը, սակայն այժմ ավելացրել է նաեւ այդ իմաստով: Այդ որակների շնորհիվ Պիզելին լրջորեն ամրապնդել է տեղը հավաքականում, նաեւ Դոնեցկի «Մետալուրգում» հանդես գալու ժամանակ:
Նա շատ պատասխանատու է, մարզչի հրահանգները ձգտում է անթերի կատարել: Նա շատ հաճելի անձնավորություն է շփման մեջ, բաց եւ դաստիրակված է:
Ռուսաստանի առաջնությունը մակարդակով եւ մրցակցությամբ նկատելիորեն գերազանցում է հայկական եւ, նույնիսկ, ուկրաինական առաջնությունները։ Ինչ-որ բան ինձ հուշում է, որ Մարկոսը «Կուբանում» եւ Ռուսաստանի Պրեմիեր լիգայում կարող է հայտնվել նկատելի դիրքերում: Որպես հավաքականի մարզիչ ես հետաքրքրված եմ, որ այդպես լինի։ Ես հատուկ ուշադրությամբ կհետեւեմ «Կուբանի» ելույթներին եւ կցանկանամ նրան միայն հաղթանակ:



























