Հայաստանում տեղի է ունեցել «Թուրանի ճանապարհի հայկական սեպը» գրքի շնորհանդեսը։ Հեղինակներն են թյուրքագետներ Ռուբեն Մելքոնյանը և Վարուժան Գեղամյանը, իսկ խմբագիրը՝ Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը։
Գեղամյանը պարզաբանել է, որ Հայաստանի մասով տեղի ունեցողը ճանապարհի ու տնտեսության մասին չէ, դա իր էությամբ քաղաքական ծրագիր է և հարյուրամյա պատմություն ունի։
«Նախագծի իրականացման գլխավոր խոչընդոտներից մեկը մնում է Սյունիքը, որը թյուրքական պատմագրության մեջ կոչվում է «Զանգեզուրի միջանցք»։ Պատահական չէ, որ հենց այս տերմինն է շրջանառվում նաև 2020 թվականից հետո»,- նշել է Գեղամյանը՝ պարզաբանելով, որ գիրքը գրելիս առավելապես օգտագործվել են թուրքական արխիվային նյութեր։
Փորձագետը կարծում է, որ առաջիկա ամիսներին Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա ճնշումը կմեծանա, քանի որ նրանք Արցախի օկուպացված տարածքում արդեն ավարտում են ճանապարհաշինական աշխատանքները։
«Հայ հասարակությանը փորձում են համոզել, որ սա ընդամենը ճանապարհ է, մինչդեռ դա թուրքական էքսպանսիայի մի մասն է։ Կարևոր է այս հարցը բարձրացնել և՛ հասարակության, և՛ փորձագետների շրջանում։ Այս խնդիրը միշտ լինելու է՝ անկախ իրավիճակի փոփոխությունից»,- նշել է Գեղամյանը։
Ռուբեն Մելքոնյանը նույնպես նկատել է, որ գիրքը վերաբերում է Հայաստանի գլխավոր արտաքին սպառնալիքին և նվիրված է այս հարցի պատմությանը։
«Սա խորքային թուրքական քաղաքականություն է, որն իրականացվում է արդեն 100 տարի։ Այս պահանջը Հայաստանին ներկայացվել է տարբեր ժամանակներում։ Այսօր Հայաստանը հերթական անգամ բախվել է համաթուրքական ծրագրի իրականացման սպառնալիքին։ Գրքում ներկայացված է, թե ինչ է իրենից ներկայացնում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», ինչ բաղադրիչներ է պարունակում։ Սա կարևոր է այս նախագծի իրականացման սպառնալիքները հասկանալու համար»,- նշել է Մելքոնյանը։ Ըստ նրա գնահատականի՝ այսօրվա իրողությունները ցույց են տալիս, որ հայկական դիվանագիտությունը չի կարողացել դիմակայել Թուրքիայի և Ադրբեջանի պահանջներին ու սպառնալիքներին և ընդունել է այդ պահանջները, իսկ այժմ փորձում է դա ներկայացնել տարբեր վարիացիաներով (ճանապարհ, պատվիրակում և այլն)։
«Թուրքիան և Ադրբեջանը ցանկանում են ստանալ կոմունիկացիա, որը չունի ո՛չ լոգիստիկ, ո՛չ տնտեսական նշանակություն, այլ ունի քաղաքական, գաղափարական և տարածաշրջանային նշանակություն։ Այս նախագծի շրջանակներում Հայաստանը պարզապես չի կարող գոյություն ունենալ, քանի որ առանց Սյունիքի չկա Հայաստան, իսկ Թուրքիան և Ադրբեջանը ոչ թե ճանապարհ են ուզում, այլ ամբողջ Սյունիքը։
Գրքում ներկայացված է, թե ինչպես է հայկական դիվանագիտության ներկայացուցիչներին տարբեր ժամանակներում հաջողվել պայքարել դրա դեմ։ Եվ հիմա էլ նման հնարավորություն կա, բայց կան օբյեկտիվ (թուլացած Հայաստան) և սուբյեկտիվ (Հայաստանի իշխանությունները չեն տիրապետում այս սպառնալիքին դիմակայելու հմտություններին) պատճառներ, որոնք նվազեցնում են այդ հնարավորությունները»,- հայտարարել է թյուրքագետը։
Նա պարզաբանել է, որ տվյալ նախագիծը հակասում է Իրանի և Ռուսաստանի շահերին, բացի այդ, այն կարող է ուղղված լինել նաև Չինաստանի դեմ։ Ըստ նրա՝ չնայած տարբեր երկրների շահերին, եթե Հայաստանը չպայքարի դրա դեմ, բացառված չէ սիրիական սցենարի կրկնության հավանականությունը, այս նախագծի իրականացումը տարածաշրջանում լարվածության նոր օջախներ կստեղծի։
Մելքոնյանն ընդգծել է, որ գրքի շնորհանդեսը պետք է ավելի վաղ կայանար, սակայն որոշում է կայացվել այն հետաձգել՝ ՀԱԱԾ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ձերբակալության ֆոնին։
Ոսկանյանը հայտարարել է, որ նույնիսկ Զանգեզուր տերմինը թուրք-ադրբեջանական տանդեմը արհեստականորեն է ներմուծել, քանի որ այն հայկական ծագում ունի և չի տեղավորվում թյուրքական լեզվի կանոնների մեջ։ «Նույնիսկ թուրան տերմինը թյուրքական ծագում չունի, այլ ունի պարսկական ծագում»,- հավելել է նա։
Ոսկանյանը նաև կարծիք է հայտնել, որ միջանցքը տնտեսական բաղադրիչ չունի, հակառակ դեպքում Թուրքիան և Ադրբեջանը այս ծրագիրը կիրականացնեին Իրանի տարածքով, սակայն նրանք դա չեն ցանկանում։ «Սա տնտեսական ծրագիր չէ, այլ Հայաստանի մահվան ծրագիր։ Ինչքան էլ փորձեն հակառակն ապացուցել, Հայաստանն այս հարցում դաշնակիցներ ունի, այդ թվում՝ ի դեմս Իրանի, Հնդկաստանի և այլ դերակատարների»,- նշել է նա։