Նիժնիյ Նովգոռոդի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևորական Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը մանրամասներ է հայտնել միջադեպից, երբ ինքը նախորդ կիրակի հրաժարավել է մկրտել նորածին երեխային, քանի որ նրա քավորը պետք է լիներ ՔՊ–ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանը։
Նա, մասնավորապես, նշել է. «Բոլորդ գիտեք, ես մերժել եմ հայրապետիս, եպիսկոպոսներիս և հոգևորական իմ եղբայրներին հայհոյող, անարգող, տվյալ պարագային ՔՊ կուսակցության պատգամավոր Նարեկ Գրիգորյանին քավոր դառնալ այս եկեղեցում, կնքահայր դառնալ, ասելով, որ կնքահայրը պիտի լինի այս եկեղեցու զավակ, ոչ իրենց ասելով, որ պիտի ընդունի այս եկեղեցու նվիրապետական կարգն ու կանոնը, այդպես գրված է մկրտությունից առաջ հոգևորականին ուղղված խրատի մեջ, որ ասում է պետք է քննենք կնքահոր ով լինելը, ինչ լինելը, օգնենք նրան հասկանալու իրեն ընձեռված պատիվը, որ նա արժանավոր կերպով կարողանա իրեն վստահված սանիկին լինել օրինակ, դաստիարակ և առաջնորդել հոգևոր փրկության։
Այդ մարդը՝ պարոն Նարեկ Գրիգորյանը չունի այդ կեցվածքը հայ եկեղեցու նկատմամբ, որ ինձ կներշնչի վստահություն, որ ինքը կարող է այդ քառասնօրյա մանուկին, որին իմ հորդորով բերել էին եկեղեցի քառասունքի օրը կնքելու, դաստիարակել որպես հայ եկեղեցու զավակ։ Ուստի ես առաջարկեցի և խնդրեցի՝ փոխեք կնքահորը, դրեք մի այնպիսի մարդ, որ չի հայհոյում ինձ, որ ես խաղաղ սրտով ու մտքով իմ աղոթքն անեմ և կատարեմ երեք հրաշք՝ Մկրտության հրաշքը, դրոշմի հրաշքը և սուրբ հաղորդության հրաշքը։
Ինձ մերժեցին, ինձ անպատվեցին, ինձ փորձեցին համոզել, հաճոյանալ, ամեն կերպ, որպեսզի ես իմ որոշումը փոխեմ, բայց դուք ինձ գիտեք, ես իմ որոշումը փոխող չեմ։ Ցավոք սրտի այդ երեխան մնաց, առայժմ մնաց առանց մկրտության ու դրոշմի, բայց վստահ եմ, որ Տերը իրեն ավելի է օրհնել։
Ես ասել եմ՝ ցանկացած ոք ով անարգում է Հայրապետի օծումն ու հայրապետական, նվիրապետական իշխանությունը, մերժում է ինձ։ Ես այդ Հայրապետի օրհնությամբ եմ քահանա ձեռնադրվել, և օծվել եմ այն մեռոնով, որ օրհնել է Նորին սուրբ օծություն, Տեր Տեր Գարեգին երկրորդ ամենայն հայոց կաթողիկոսը։
Բոլոր այն բալիկներն ու մեծահասակները, ում ես օծել եմ և այդ բալիկին էլ, որ պիտի օծեի, օծել եմ ամենայն հայոց Գարեգին երկրորդ հայրապետի օրհնած մեռոնով։ Եթե ինչ-որ մեկի համար Գարեգին Բ ամենայն հայրապետը, հայ եկեղեցու հովվապետն ու քահանայապետը, ընդունելի չեն, ես ինչպե՞ս կարող եմ ընդունելի լինել, իր ձեռքով օրհնված ու օծված քահանան, այս եկեղեցին ինչպես կարող է վավերական լինել»,– հայտարարեց նա։
Տեր Սեբեոս քահանա Ղալաչյանը նաև հայտարարեց, որ իրեն ուղարկել են նյութեր, որտեղ Նարեկ Գրիգորյանը սարսափելի ձեւով ստում է. «Եթե իմ ասածների մեջ սուտ կա, թող Տերը իմ պատուհաս օրերն ավելացնի այս երկրի վրա ու իմ պատիժն ավելացնի երկնքում հավիտյան։ Եթե իր ասածների մեջ սուտ կա և ինչքան սուտ կա, թող այդ Աստված այդքան իր ստի համաձայն ավելացնի իր, իր ընտանիքի անդամների, իր գաղափարները կիսողների պատուհասը։ Եթե ոչ, թող օրհնվելով օրհնվեն։
Ես այդ օրն էլ եմ ասել, ինձ կարող եք ծեծել, պատրաստ եմ ծեծ ուտել ձեզնից, այսքան հայհոյանք եմ լսում իմ տղամարդկությունը մի կողմ դրած, խոսքերը եթե կրկնեմ, դուք կսարսափեք, ասել եմ՝ պատրաստ եմ նույնիսկ եթե ինձ ծեծեք ձեռքս չշարժել, բայց մեկ էլ դու քավոր չես լինելու։ Որոշողը ես եմ։
Ինձ ուղարկել են ձայնագրությունը այդ վայ–պատգամավորի, որ պատմում է այսօրվա մասին։ Նա կոչում է ինձ սատանա, որովհետև ես հրաժարվել եմ իր կնքահայրությամբ կատարել մկրտությունն ու կնունքը։ Եթե ես սատանա եմ, հետևաբար ձեր զավակներին ու ձեզ 13 տարի շարունակ մկրտել ու կնքել է, պատարագել և սուրբ հաղորդություն է բաշխել, քավ լիցի, սատանա՞ն։
Ձեզ 13 տարի սատարնա է ծառայել ու դուք հանդուրժե՞լ եք։ Եթե ոչ, ձեր կողմից պիտի հնչի արդյոք որևէ պատասխան։ Պիտի լինի արդյոք որևէ արձագանք այդ փոքրիկ խմբակի փոքրիկ պատգամավորիկին ուղղված։ Ես չեմ տեսել այդ արձագանքը։
Առավել մանրամասն՝ տեսանյութում։











