Պետք է չլիներ անգամ մեկ մանկավարժ, ով կողմնակից կլիներ Վեհարանի դեմ արշավին, ով կողմնակից կլիներ սրբությունները պղծելու. նրանք ուղղակի մանկավարժ կոչվելու իրավունք չունեն, նրանք պարզապես պատեհապաշտ մարդիկ են, նյութին գերի, իշխանությանը, փառքին, փողին գերի։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 22–ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաքվե» ազգային–քաղաքացիական միավորման անդամ Մենուա Սողոմոնյանը՝ անդրադառնալով նրան, որ այս օրերին եղան մանկավարժներ, որ հայտարարեցին, որ աջակցում են վեհարանը կաթողիկոսից ազատելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մտադրությանը։
«Ես համոզված եմ, որ մեր մանկավարժների, տնօրենների մեծագույն մասը ցավ ի սրտին են նայում այս ամենին և չեն կարողանում ոտքի կանգնել, խոսք ասել, որովհետև կազմակերպվածության անհրաժեշտ ձևերը, մեխանիզմները, ձևաչափերը, մինչ այս պահը դեռևս չենք գտել և առաջնորդության հարցն էլ կարծես թե մինչ այս պահը դեռևս չի լուծվել։ Դրա համար յուրաքանչյուրը իրեն մենակ է տեսնում և իրենց թվում է, որ մենակով ինչ-որ գործողություն որ անեն, ընդամենը իրենց են վնասելու, դպրոցին են վնասելու»,–ասաց նա։
Անդրադառնալով Եկեղեցու ու հոգեւորականների նկատմամբ օգտագործվող խոսույթին, Սողոմոնյանը հիշեցրեց. «Կարելի է ասել, որ սա գրեթե 100 տարվա կյանք ունի։ 100 տարի առաջ, 1926 թվականին բոլշևիկները որոշեցին ստեղծել նոր եկեղեցի։ Բոլշևիկների ժամանակ սկսած աստվածամերժության այս արշավը, իհարկե, խորհրդային ավելի ուշ շրջանում դիմադրության հանդիպեց, իսկ այն ժամանակներից, երբ որ գլոբալիզացիոն գործընթացները սկսեցին ծավալվել ամբողջ աշխարհում, որոնց բովանդակությունը նյութականացումն է, անհատապաշտությունն է, սկսեց ավելի ու ավելի ծավալվել և հեռանալ հոգևոր արժեքներից։
2018 թվականից սկսած, ինչ այս խմբակը գրավեց իշխանությունը Հայաստանում ևս սկսեցին բացահայտ կերպով ոտնահարել բարեպաշտ քրիստոնյաների հոգևոր զգացմունքները։ Այդ ժամանակ սկսեց ավելի լկտիանալ տարբեր մարդկանց խոսույթը, մեր սրբությունների հանդեպ, նրանց չարախոսությունը, մեր Վեհափառ Հայրապետի սակրալության հանգամանքի հանդեպ, բայց չարը վերջ է ունենում։
Ենթադրենք գան Վեհափառ Հայրապետին ստիպեն ինչ-որ մի բան, և հետո ի՞նչ է տեղի ունենալու։ Մարդիկ այդ հարցն իրենց պետք է տան. լավ, եկան ինչ-որ բռնի գործողություններ կատարեցին, հետո բերելու են Արսեն Թորոսյանի՞ն դնեն, դրածո՞ են դնելու, ի՞նչ են անելու։ Սա անմիտ արկածախնդրություն է, որի նպատակը շատ ավելի քաղաքական է, որի նպատակը արյուն թափելն է, երկիրը քաոսի վերածելն է, որ միգուցե դրա հիման վրա արտակարգ դրություն հայտարարի, որ դրա հիման վրա ընտրություններ չլինի։
Այ այսպիսի քաղաքական ստոր խարդավանքների և ստոր նպատակների մեջ խառնում են մեր հոգևոր սրբությունները, մեր անգին սրբությունները»։











