Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ է ներմուծում Տրանսբալկանյան միջանցքով։ Այս մասին հայտարարել է ուկրաինական «Нафтогаз» ընկերության ղեկավար Սերգեյ Կորեցկին։

«Ուկրաինան առաջին անգամ ադրբեջանական գազ է ներմուծում Տրանսբալկանյան միջանցքով։ Գազ գնելու վերաբերյալ առաջին պայմանագիրն արդեն ստորագրվել է SOCAR խմբի ընկերության՝ SOCAR Energy Ukraine-ի հետ», – գրել է նա Facebook-ում։

Փորձնական մատակարարումն իրականացվելու է Բուլղարիայի և Ռումինիայի միջով անցնող երթուղով։ «Սա ոչ մեծ ծավալով, բայց ռազմավարական նշանակություն ունեցող քայլ է, որը ճանապարհ է բացում երկարաժամկետ համագործակցության համար։ Ինչպես նաև սա մատակարարման աղբյուրների դիվերսիֆիկացիայի ևս մեկ օրինակ է», - ավելացրել է Կորեցկին։

Մայիսի 27-ին Ուկրաինայի Էներգետիկայի և կոմունալ ծառայությունների ոլորտներում պետական կարգավորումն իրականացնող ազգային հանձնաժողովը հաստատել է Տրանսբալկանյան միջանցքով Հունաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից և Մոլդովայից գազի ներկրումը սկսելու կարգը։ 2025 թվականի հունվարի 1-ից Ուկրաինայի տարածքով ռուսական գազի տարանցումը դեպի Եվրոպա ամբողջությամբ դադարեցվել է, քանի որ Կիևը հրաժարվել է երկարացնել «Գազպրոմ»-ի հետ պայմանագիրը։ Տարանցման դադարեցումը մեծացրել է Ուկրաինայի պահանջարկը տեխնիկական գազի նկատմամբ։ Արդյունքում Կիևը ստիպված է բարձր գներով վառելիք գնել։ Հունվարի վերջից ընկերությունը սկսել է գազ ներմուծել՝ մշտապես ավելացնելով գնումների ծավալները։ Փետրվարից Ուկրաինայի ստորգետնյա գազապահեստարաններում գազի պաշարները մնում են ռեկորդային ցածր մակարդակի վրա։