Կանչը ստացել ենք ժամը 11.33-ին, ահազանգով ի սկզբանե երկու մարտական հաշվարկ է ներկայացել, այնուհետև իրավիճակից ելնելով կանչը բարձրացվել է «1 ԲԻՍ»  աստիճանի, ներգրավվել է ևս երկու մարտական հաշվարկ, ընդհանուր առմամբ չորս մարտական հաշվարկ է ներգրավվել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 29–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Երևան քաղաքի փրկարարական վարչության հրդեհաշւջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ավագ հրահանգիչ մայոր Մուրադյանը՝ անդրադառնալով Սարի Թաղում բռնկված հրդեհին։

«Հրդեհը խոտածածկ տարածքից է անցել դեպի անտառային հատված։ Չորս մարտական հաշվարկով մեր ուժերով և աշխատակիցների ուժերով հրդեհի տարածումը կանխվել է։ Համախմբել ենք և մեկուսացրել ենք հրդեհի տարածումը։ Ծառերին, որպես այդպիսին, վնաս չի տրվել, հիմնականում խոտածած տարածք է այրվել, անտառի փոքր հատվածներում անմիջապես կանխվել է տարածումը։ Ժամը 13.58–ին արդեն հրդեհը մեկուսացվել է»,–ասաց նա։

Անդրադառնալով տեղեկություններին, որ կրակը մոտենում էր Սարի Թաղ գնացող բնակելի տներին, փրկարարն ասաց. «Այո, ահազանգեր եղել են, այդ պահին ինձ հետ կապնվել են, տեղեկացրել են, որ վտանգավոր բան չկա։ Մենք այդ պահին արդեն գործողություններ էինք իրականացնում, որպեսզի տներին չհասնի։ Ուղղակի մեր ժողովուրդը, գիտեք, անմիջապես խուճապի է մատնվում, բայց ուժերն ու միջոցները տեղակայված էին այդ մասում, արդեն իրականացնում էին գործողություններ։

Ընդհանուր հրդեհը ներքևից սկսել է, սկիզբը եղել է Սարի թաղի այդ հատվածից, բարձրացել է դեպի հեռուստաաշտարակ, բայց չենք թողել այդքան բարձրանա, անտառի տարածք չենք թողել մտնի։ Տարածվել է ձախ և աջ թևերով դեպի նորակառույց շենքերի կողմ, բայց չենք թողել հասնի այդտեղ։ Ստուդիայի տարածք չի բարձրացել։

Այս պահին կարելի է ասել գրեթե ամբողջությամբ մարված է, մի տեղամաս ունենք, որ ծխացող օջախներ կան, որոնք վտանգ չեն ներկայացնում»։