Քաղաքացիները պետական մարմիններից պահանջում են բարեկարգել Երեւանի Էրեբունի վարչական շրջանում գտնվող Աղի լճի հարակից տարածքը, որը, հատկապես ամառվա ամիսներին մարդաշատ է օրվա մեծ մասը։
Տարածքը անվտանգ, աղբից զերծ պահելու համար մի խումբ կամավորներ ամենօրյա հերթապահություն են սահմանել։ Նրանք սեփական միջոցներով նստարաններ, աղբամաններ են տեղադրել, զգեսափոխվելու տարածք առանձնացրել, ինչը սակայն, բավարար չէ այն պայմաններում, երբ ամեն օր այդ տարածք հարյուրավոր մարդիկ են այցելում։
«Մարդիկ մանղալներով գալիս են, բարձր երաժշտություն են միացնում, ալկոհոլ են օգտագործում, խանգարում մյուսների անդորրը, աղբը թափում եւ իրենց հետեւից չեն հավաքում։ Պետք է մի պետական աշխատող, որը կհետեւի, որ բոլորը ենթարկվեն կարգուկանոնին եւ մաքուր պահեն նաեւ լճի ջուրը։ Տարածքում աղբ են թողնում, որը քամուց կարող է լցվել ջրի մեջ։ Հաճախ սողանքներ են լինում, քարեր են պոկվում, լցվում ջուրը։ Ինչ կարողանում, անում ենք, մեր միջոցներով լիճը քարերով են շրջապատել, որ ջուրը մաքուր մնա, բայց դա բավարար չի, պետական ուշադրություն է պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց 70-ամյա Արթուր Խանջյանը, որը ամեն օր մի քանի ժամ տարածքում է անցկացնում, անհրաժեշտության դեպքում մաքրում լճի շրջակայքը։
Կամավորները մի քանի անգամ դիմել են քաղաքապետարան՝ խնդիրներին լուծում տալու խնդրանքով, սակայն ապարդյուն։
Քաղաքապետարանը 2023 թվականին հայտարարեց, թե նախատեսում են ընթացքիկ տարվա մեջ բարեկարգել լճի տարածքը։ 2 տարի անց, սակայն, ոչինչ չի փոխվել։
Քաղաքապետարանի մամուլ բաժնից NEWS.am-ին հայտնեցին, որ երեք անգամ մրցույթ է հայտարարվել, բայց ոչ մի հաղթող նախագիծ չի եղել, այժմ պատրաստվում են ևս մեկ մրցույթ հայտարարել։
Աղի լիճ ամեն օր հարյուրավոր մարդ է այցելում՝ շատերն իրենց առողջությունը վերականգնելու համար, քանի որ ավազանի աղի ջուրը հայտնի է իր բուժիչ հատկություններով։













