Հայաստանն ինքը պետք է վերահսկողություն իրականացնի իր սահմանների նկատմամբ։ Այս մասին Կապանում լրագրողների հետ զրույցում ասաց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոս Մորթեզա Աբեդին Վարամինը՝ խոսելով Սյունիքով «Թրամփի երթուղու» մասին։

«Իրանը շարունակում է մնալ իր դիրքորոշմանը. Հարավային Կովկասում սահմանների փոփոխություն չպետք է լինի, որքան էլ գեղեցիկ արտահայտություններով փաթեթավորվի։ Հայաստանն ու Իրանը երկու հնագույն պետություններ են, դրանք գոյություն են ունեցել դեռ այն ժամանակ, երբ որոշ արևելյան հարևաններ դեռ չկային, հիշեցրել Է դիվանագետը: Երևանն ու Թեհրանն իրենք են ընդունակ լուծել իրենց հարցերը»,–նշեց Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսը։

Իրանի գլխավոր հյուպատոսը նշեց, որ  արտատարածաշրջանային ոչ մի ուժ չի կարող երաշխավորել անվտանգությունը տարածաշրջանում։ Նրա խոսքով, այդ մասին վկայում է Ուկրաինայի փորձը։

«Այս սկզբունքը հավասարապես գործում է ինչպես Պարսից ծոցի տարածաշրջանում, այնպես էլ Հարավային Կովկասում»,–հավելեց   Մորթեզա Աբեդին Վարամինը։

Պատասխանելով լրագրողի հարցին Հայաստանի իշխանությունները իրանցի գործընկերներին տեղեկացրե՞լ են «Թրամփի երթուղու» մասին փաստաթղթի մանրամասների մասին, Մորթեզա Աբեդին Վարամինն ասաց.

«Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթում բազմաթիվ հարցական նշաններ կան, ժամանակ է պետք հասկանալու համար։ Գործընկերների միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է, խոսակցություններ են ընթանում։ Բայց սատանան մանրուքների մեջ է: Առաջիկայում սպասվում է նախագահ Փեզեշքիանի այցը Հայաստան, և դրանից հետո պարզ կդառնա, թե ինչ փոփոխություններ պետք է սպասել»: