Վաշինգտոնը մտադիր է դադարեցնել Ուկրաինային զենքի մատակարարումների ֆինանսավորումը, կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ «Եթե եվրոպացիները ցանկանում են նախաձեռնությունը վերցնել իրենց ձեռքը և զենք գնել ամերիկացի արտադրողներից՝ մենք դեմ չենք, բայց ինքներս այլևս չենք ֆինանսավորի դա», - ասել է նա։ Նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը զգուշացրել է եվրոպացի դաշնակիցներին, որ նրանք պետք է պատրաստ լինեն «ավելի էական մասնակցություն ունենալ այդ հակամարտության ֆինանսավորմանը», քանի որ այն տեղի է ունենում նրանց «ետնաբակում», նշել է Վենսը։

Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն ձգտում է ավարտին հասցնել ռուս-ուկրաինական պատերազմը՝ հաշվի առնելով շփման գծի ընթացիկ վիճակը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Ալյասկայում օգոստոսի 15-ին նախատեսված Թրամփի հանդիպումը, որը «մեծ իրադարձություն էամերիկյան դիվանագիտության համար»։ Վենսը նշել է, որ բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը կփորձի գտնել ինչպես Մոսկվայի, այնպես էլ Կիևի համար փոխընդունելի լուծում, սակայն, հավանաբար, երկու կողմերն էլ ի վերջո դրանից դժգոհ կմնան։ Փոխնախագահի խոսքով՝ Թրամփը քննարկում է Չինաստանի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու հնարավորությունը՝ ռուսական նավթ գնելու հարցում, սակայն դեռևս որևէ կոնկրետ որոշում չկա։