Պետդուման սկսել է խոսել Ադրբեջանի նկատմամբ իր քաղաքականության խստացման մասին այն բանից հետո, երբ տեղեկություն է հայտնվել, որ Բաքուն քննարկում է Ուկրաինային զենքի մատակարարման մորատորիումը վերացնելու հարցը։

Դումայի Տարածաշրջանային քաղաքականության կոմիտեի անդամ Անդրեյ Գուրուլյովին պաշտպանության կոմիտեից տեղափոխել են՝ մի շարք աղմկահարույց հայտարարություններից հետո (օրինակ՝ ԱՄՆ-ի վրա միջուկային հարվածի մասին) և նրան վստահվել է հնչեցնել խորհրդարանականների դիրքորոշումը։ Իր տեսաուղերձում պատգամավորը, արձագանքելով Բաքվի՝ Ուկրաինա մարդասիրական օգնություն ուղարկելու որոշմանը՝ հայտարարել է, որ իշխանությունները կարող են էմբարգո սահմանել Ռուսաստան ադրբեջանական ապրանքների մատակարարման վրա։

«Ռուսաստանի պես մեծ հարևանի հետ հարաբերությունները փչացնելը մեծ խելքից չի գալիս։ Եթե Ռուսաստանի խանութների դարակներին չլինեն ադրբեջանական ապրանքներ, դրանից մեր մոտ ոչինչ չի փոխվի, իսկ նրանց մոտ շատ բան կփոխվի»,- ասել է Գուրուլյովը։ Նա նաև ակնարկել է, որ ռուս ուժայինները կարող են շարունակել ադրբեջանական սփյուռքի այն ներկայացուցիչների հետապնդումները («պոկել տեղի տղաներին»), ովքեր բիզնեսով են զբաղվում ՌԴ տարածքում։ «Կարելի է նաև ուրիշ կերպ։ Հատուկ ռազմական գործողությունը ձգվող հասկացություն է։ Այն ձգվում է ՌԴ ողջ սահմանի երկայնքով»,- ամփոփել է պատգամավորը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օգոստոսի 10-ին կարգադրել է 2 միլիոն դոլար հատկացնել պահուստային ֆոնդից՝ Ուկրաինայի համար Ադրբեջանում արտադրված էլեկտրական սարքավորումներ գնելու համար՝ «մարդասիրական օգնություն ցուցաբերելու նպատակով»։

Ըստ Caliber հրատարակության աղբյուրների՝ Բաքուն կարող է չեղարկել Ուկրաինային զենք մատակարարելու արգելքը՝ ի պատասխան օգոստոսի 7-ի լույս 8-ի գիշերը Օդեսայի մարզում ադրբեջանական SOCAR պետական ընկերության օբյեկտներին Ռուսաստանի հարվածին։ Զրուցակիցը հայտնել է, որ այդ որոշումը կկայացվի, եթե Մոսկվան շարունակի «ագրեսիվ քաղաքականություն» վարել Բաքվի շահերի դեմ։

Հուլիսին Ալիևը պատասխանել է Ուկրաինային ուղղված խորհուրդների մասին հարցին և կոչ է արել Կիևին «երբեք չհամաձայնել օկուպացիայի» հետ, համեմատելով Ռուսաստանի ներխուժումը Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության հետ։ Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը ի պատասխան դրան՝ ասել է, որ Մոսկվան համաձայն չէ Ադրբեջանի դիրքորոշման հետ, սակայն հույս ունի, որ երկու երկրների միջև տարաձայնությունները կլուծվեն։